Բրիտանական Shell ընկերությունը միացել է Qatar Energy-ի 29 միլիարդ դոլար արժողությամբ նախագծին՝ աշխարհի խոշորագույն բնական գազի հանքավայրում արդյունահանումը ընդլայնելու նպատակով` դառնալով հինգերորդ եւ վերջին միջազգային գործընկերը, հաղորդում է AFP լրատվականը:

Ընկերությունը ձեռք է բերել բաժնետոմսերի 6,25 տոկոսը՝ միանալով TotalEnergies-ին, Eni-ին, ConocoPhillips-ին եւ ExxonMobil-ին՝ North Field East նախագծի շրջանակում:

Ըստ Qatar Energy-ի՝ Հյուսիսային հանքավայրի ընդլայնումը բնական հեղուկ գազի (LNG) արտադրության ամենամեծ նախագիծն է եւ նախատեսվում է, որ 28,75 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը կբարձրացնի Կատարի արտադրությունը ներկայիս 77 միլիոն տոննայից՝ մինչեւ 2027 թվականը այն հասցնելով 110 միլիոն տոննայի:

Qatar Energy-ի հաշվարկներով Հյուսիսային հանքավայրը, որը տարածվում է Պարսից ծոցի ջրերի տակով մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, պարունակում է աշխարհի հայտնի գազի պաշարների մոտ 10 տոկոսը: