Իսպանիան ավելացնում է ռազմական ծախսերը՝ կատարելով ՆԱՏՕ-ում իր պարտավորությունները, որի համաձայն իր ՀՆԱ-ի 2 տոկոսը պիտի հատկացնի պաշտպանական ոլորտին, հայտնում է AP լրատվականը՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը:
Կառավարության անդամները հաստատել են Իսպանիայի պաշտպանության նախարարության համար գրեթե 1 միլիարդ եվրոյի միանվագ ծախսը, որը, ըստ կառավարության, անհրաժեշտ է ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած անսպասելի ծախսերը ծածկելու համար։
Հայտնի է, որ Իսպանիան Ուկրաինային ուղարկել է ռազմական եւ հումանիտար օգնություն, ինչպես նաեւ լրացուցիչ զորքեր և ինքնաթիռներ՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի առաքելությունների համար:
Անցյալ շաբաթ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Իսպանիան խոստացել է, որ մինչեւ 2029 թվականը կհասնի ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանական ոլորտին հատկացնելու նպատակին։
Ներկայումս Իսպանիան պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 1 տոկոսը։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ միայն Լյուքսեմբուրգն է Իսպանիայից ավելի քիչ ՀՆԱ-ի տոկոս ծախսում պաշտպանության վրա։