Վերջին բանակցությունների ժամանակ Իրանը ավելացրել է պահանջներ, որոնք կապված չեն նրա միջուկային ծրագրի քննարկման հետ, եւ ուրանի հարստացման հարցում տագնապալի առաջընթացի է հասել: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին։

Նրա խոսքով, բանակցությունների սեղանին առաջարկ է դրված այն ժամկետների վերաբերյալ, երբ Իրանը կարող է վերադառնալ միջուկային գործարքի պահպանմանը, իսկ Վաշինգտոնը կարող է մեղմացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցություններն ավարտվել են անցյալ շաբաթ Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ առանց ակնկալվող առաջընթացի։

Մալին ասել է, որ իրանցի բանակցողները նոր պահանջներ են ավելացրել։ «Նրանք ունեն լրացուցիչ պահանջներ, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով կուսումնասիրի դրանք, կհամարի, որ դրանք կապ չունեն միջուկային գործարքի հետ»,- ասել է նա Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

«Քննարկումը, որն իսկապես պետք է անցկացվի հենց հիմա, այնքան էլ մեր եւ Իրանի միջեւ չէ, թեեւ մենք պատրաստ ենք դրան։ Դա քննարկում է Իրանի եւ իր միջեւ»,- ասել է Մալին: «Նրանք պետք է եզրակացության գան, թե պատրաստ են արդյոք վերադառնալ գործարքի պայմանների կատարմանը»:

Թեհրանն այժմ շատ ավելի մոտ է միջուկային ռումբի համար բավականաչափ տրոհվող նյութ ունենալուն, ասել է դիվանագետը՝ նշելով, որ «կարծես թե նրանք չեն վերսկսել իրենց սպառազինության ծրագիրը»: «Բայց մենք, իհարկե, անհանգստացած ենք, ինչպես եւ մեր գործընկերները, այն առաջընթացից, որին նրանք հասել են հարստացման ոլորտում»,- ասել է Մալին:

Նրա խոսքով, Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան ունի ռումբ ստեղծելու համար, եւ դա կարող է անել հաշված շաբաթների ընթացքում: