Ավստրիայի իշխանությունները հորդորում են արդյունաբերությանն ու կոմունալ ձեռնարկություններին հնարավորության դեպքում օգտագործել բնակայ գազի այլընտրանքներ, քանի որ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր դադարեցմամբ պայմանավորված երկիրը փորձում է գազ կուտակել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ավստրիան իր բնական գազի 80 տոկոսը ստանում է Ռուսաստանից, սակայն էլեկտրաէներգիայի մեծ մասը ստանում է հիդրոէլեկտրակայաններից, իսկ էլեկտրակայանները համեմատաբար քիչ գազ են օգտագործում։ Այնուամենայնիվ, գազը կարեւոր դեր է խաղում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պողպատի ու թղթի արտադրությունն ու ջեռուցումը:

Ավստրիան փնտրում է գազի այլընտրանքային աղբյուրներ՝ շտապելով լիցքավորել գազի պահեստը մինչեւ աշնանը ջեռուցման սեզոնի սկսվելը։

«Էլեկտրակայաններին եւ արդյունաբերությանը հանձնարարվելու է արդիականացնել իրենց համակարգերը՝ երկակի ռեժիմով աշխատելու համար այնքանով, որքանով դա հնարավոր է տեխնիկապես եւ տնտեսապես: Սա նշանակում է, որ կայանները կարող են աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ էներգիայի այլ աղբյուրներով. շատ դեպքերում դա կլինի հում նավթ»,- ասել է էներգետիկայի նախարար Լեոնորա Գեւեսլերը։

Նախագիծը, որը պետք է հաստատի Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի գլխավոր հանձնաժողովը, ուղղված է գազի խոշոր սպառողներին, ասել է Գեւեսլերը՝ հավելելով, որ ամենամեծ ներուժը կենտրոնացված ջեռուցումն է, որը ենթադրում է տաք ջուր մղել ջեռուցման կայանից սպառող շենքեր։