Մեկ ամսից ավելի է, ինչ Երևանի Մովսես Խորենացի փողոցի 98 հասցեում կողուղաջրի խողովակաշարը վնասվել է, ինչի պատճառով փողոցի այդ հատվածում տարածվել է գարշահոտություն: Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք դիմել են պատկան մարմիններին, բայց մինչև օրս խնդիրը չի լուծվել: 

«Ամիսուկես նույն վիճակն է, ոչ մեկի պետքն էլ չի: Ո՛չ քաղաքապետարան, ո՛չ թաղապետարան, ո՛չ «Վեոլիա Ջուր»: Ում զանգում ես մեկը մեկի վրա է գցում, կամ էլ ասում է, որ անհատի գործն է: Եթե կենտրոնական փողոց սարքելը անհատի գործ է, ես չգիտեմ՝ էլ ի՞նչ ասեմ: Ամառ օրով ամիսուկես է այս հոտի միջով տուն ենք գնում գալիս, այլ ճանապարհ չունենք»,- ասաց բնակիչներից մեկը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից NEWS.am-ին ասացին, որ վնասված կոյուղատարը վերանորոգելն իրենց պատասխանատվությունը չէ։

«Խողովակաշարը փողոցից գնում է դեպի բնակչի տուն: Դա տան տիրոջ սեփականությունն է: Ըստ օրենքի՝ 2017-ից առաջ ինչ իրենք են կառուցել, իրենց պատասխանատվության տակ է: Այդ վթարի մասին երբ իմացել ենք, գնացել ենք, տեսել ենք: Իրենց ասվել է՝ ձեր գիծն է, դուք էլ նորոգեք, կամ էլ նոր գիծ կառուցեք: Իրենք էլ դիմել են քաղաքապետարան, քաղաքապետարանից շինթույլտվություն են ստացել: Մնում է նախագիծ ներկայացնեն և վերակառուցեն»,- ասաց ընկերության Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը: