Սահմանադրության օրը համազգային խորհուրդ ունի, և ես կուզեի, որ բոլորս քաջ գիտակցեինք դա և նվիրված լինեինք այդ խորհրդին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Հրանտ Նազարյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին։

«Մենք գործ ունենք համազգային, համապետական նշանակության սուրբ գրքի հետ, և չպետք է դա մոռանանք։ Եվ այն պետք է փայփայենք, միշտ բարձր գնահատենք և սերնդեսերունդ պետք է փոխանցենք այդ գաղափարը»,– ասաց նա՝ հավելելով, որ միայն հուլիսի 5-ին չէ, որ պետք է հիշել Սահմանադրության մասին։

Խոսելով 2020-ի նախագծով ՍԴ երեք դատավորի, այդ թվում՝ իր լիազորությունների կասեցման մասին՝ Հրանտ Նազարյանն ասաց, որ դա շատ վիճելի գործընթաց էր, ինչի մասին ինքը խոսել է նաև հենց այդ ժամանակ։

«Գործընթացները շատ վիճելի էին, իհարկե այդպես չպետք է լիներ։ Դա չէր բխում Սահմանադրությունից։ Գիտեք, որ մեր դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության առարկա է։ Եվ ըստ էության, կարծում եմ, որ իրավունքի գերակայությունը ոչ թե կլինի գաղափար, կարգախոս, այլ կունենա կենսունակություն»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ է կարծում ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության առաջադրման մասին՝ Հրանտ Նազարյանն ասաց, որ ծանոթ չէ նրա մասնագիտական ունակություններին։ Նա նշեց, որ Սեդա Սաֆարյանի փաստաբանական աշխատանք կօգնի նրան, սակայն նա պետք է գիտակցի, որ սա փաստաբանական աշխատանք չէ, պահանջում է ահռելի տրամաբանական, վերլուծական, գիտական միտք, չափազանց ծանրակշիռ աշխատանք է, որին նա պետք է պատրաստ լինի։

Հարցին, թե որքանով է այսօր հաջողվում պահպանել Սահմանադրության դրույթները, Հրանտ Սաֆարյանը պատասխանեց, թե հասարակական կյանքը շատ բարդ է, և ՍԴ–ն կոչված է այդ բարդ իրավիճակներում պահպանել Սահմանադրությունը և Սահմանադրությունից բխեցված որոշումներ ընդունել։

«Այս անցումային փուլում Սահմանադրական դատարանի դերակատարումը չափազանց կարևոր է։ Ես հակված եմ այն մտքին, որ բոլոր վիճելի հարցերը, որոնք ՍԴ լիազորությունների տիրույթում են, իրենց լուծումը ստանան և ոչ թե ինչ–որ մի հարցից այլ հարց բխի և այլն։ Դրանք պետք է բերվեն սահմանադրաիրավական դաշտ և հավուր պատշաճի որոշում կայացվի, որպեսզի փարատվի ամեն տեսակ կասկած։ Եվ կցանկանայի, որ այդ որոշումը հարգվի հասարակության բոլոր անդամների կողմից, իսկ դա այդքան էլ այդպես չէ»,– ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունը պետք է գիտակցի ՍԴ-ի դերը, ՍԴ-ի որոշումները պետք է հարգվեն և կատարվեն։

Հրանտ Նազարյանը նաև նշեց, որ ՍԴ որոշումները կարող են քննարկվել մասնագիտական հարթությունում, սակայն դրանք քննադատելը, դատափետելը ճիշտ չէ, քանի որ դրանով նաև վնաս է հասցվում բարձր դատարանի հեղինակությանը։ «Իհարկե, բազմակարծության մեր պայմաններում դա բացառել հնարավոր չէ, բայց իմ ցանկությունն է, որպեսզի հասնենք այդ իրավիճակին։ Օրինակ՝ ԱՄՆ–ում դատական որոշումը իրավունքի բնագավառում վերջին խոսքն է և այն ընդունվում է անվերապահ։ Կցանկանայի, որպեսզի այդպես լիներ այստեղ»,– ասաց նա։

ՍԴ նախկին անդամի խոսքով, ՍԴ որոշումներն էլ պետք է բնականաբար լինեն հիմնավորված և տարընթերցումների տեղիք չտան, կասկածներ չհարուցեն։ «Այնպես որ, այստեղ երկկողմանի է այդ խնդիրը․ մի կողմից դատական իշխանության մարմինը պետք է կարողանա համոզիչ, հիմնավորված և փաստարկված որոշում կայացնել, մյուս կողմից հասարակությունը այն պետք է անվերապահորեն ընդունի»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով նրան, որ այսօրվա իշխանությունները քննադատում են դատական իշխանություններին՝ Հրանտ Նազարյանն ասաց, որ այդ խնդիրը նոր չէ, դա միշտ է եղել։ Ըստ նրա՝ երեսուն տարին քիչ ժամանակ չէ, սակայն դատական համակարգի խնդիրները վերացնելու գործընթացի համար շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր։ «Մենք պետք է կարողանանք ուղենշել, հանրագումարի բերել այն սխալները, ոչ ճիշտ ճանապարհները և կարողանանք շտկել, որովհետև մենք չենք կարող անվերջ խոսել, ասել՝ չունենք, թերի է և այլն»,– նշեց նա։

Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ վարչապետ խորհրդականն է ընտրվել գլխավոր դատախազ, ՍԴ նախկին դատավորն ասաց, որ բոլոր պաշտոնյաները պետք է գիտակցեն պատասխանատվության չափը, որ ստանձնում են։

«Երևի բնականոն երևույթ է դա, օբյեկտիվ իրականությունն է դա։ Ես չփորձեմ պատճառներ ման գալ, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կադրերին է առաջադրում բնականաբար, և ըստ էության, հասարակությունն էլ ակնկալիքներ ունի, որ այս կամ այն պաշտոնյան, թեկնածուն կկարողանա այդ նպատակներն իրագործել ․․․ Բոլոր դեպքերում ողջունելի է, որ երիտասարդ է, բայց դա նաև ունի իր վատ կողմը՝ փորձառություն է անհրաժեշտ»,– ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ նորընտիր դատախազի մասնագիտական ունակությունների մասին ոչինչ չի կարող ասել, չի առնչվել։