Փախուստի դիմած նարկոբարոն Ռոկո Մորաբիտոն, որը կապված է «Նդրանգետա» հզոր հանցախմբի հետ, Բրազիլիայից արտահանձնվելուց հետո վայրէջք է կատարել Իտալիայում՝ 30 տարվա ազատազրկման պատիժը կրելու համար, հայտնում է Reuters-ը։

Մորաբիտոն ավելի քան երկու տասնամյակի փախուստից հետո անցած տարվա մայիսին ձերբակալվել էր Բրազիլիայում:

Իտալիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Մորաբիտոն, որը համարվում է թմրանյութերի միջազգային առեւտրի առաջատար միջնորդներից մեկը, ընդգրկվել է ամենավտանգավոր փախածների ցուցակում՝ «որոնման հատուկ ծրագրի» շրջանակներում։

Վերջին տարիներին Բրազիլիան դարձել է թմրանյութերի անդրատլանտյան առեւտրի հիմնական խաղացողը, նրա ավազակախմբերը միավորվել են իտալացի, հոլանդացի եւ բալկանյան խաղացողների հետ՝ Եվրոպա մաքսանենգ ճանապարհով կոկաինի ռեկորդային խմբաքանակներ տեղափոխելու համար՝ գայթակղված բարձր գներով եւ աճող պահանջարկով:

Կալաբրիայի հարավային շրջանում հիմնված «Նդրանգետան» առաջ է անցել «Կոզա Նոստրա»-ից՝ դառնալով երկրի ամենահզոր մաֆիոզ խմբավորումը եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբերից մեկը: