Ինձ համար բոլորը մեղավոր են, բայց մեղավորների անուններ պետք է Փաշինյանը տա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը: 

Նրա խոսքով՝ Փաշինյանը չի ցանկանում, որ գործը ԱԱԾ գնա: 

«Մի քանի օր առաջ մենք հանդիպել ենք գլխավոր դատախազի հետ ու նրան մեկ հարց ենք տվել՝ ե՞րբ է գործը տեղափոխվելու ԱԱԾ: Հիմա մենք ականկալում ենք դրական պատասխան:  Մենք ամեն ինչ անելու ենք, որ գործը տեղափոխվի ԱԱԾ: Համար մեկ հողատու դավաճանը չի ուզում, որ գործը գնա ԱԱԾ: Մենք վստահ ենք, որ ինքը միայնակ չի արել այս ամենը: Ինձ համար բոլորը մեղավոր են, բայց անուններ պետք է Փաշինյանը տա»,- ասաց Վիգեն Ազատյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: