Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժառու, բոլորը վերակենդանացման բաժանմունք են  են տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է՝ հաշվի առնելով այրվածքների տոկոսը, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Հիմնականում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետեւ անմիջապես բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանշներից ամենակարեւորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետեւապես, բոցի հետեւանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք:

Ավելի քիչ այրվածքներ ունեցողներին կհետեւենք վերակենդանացման բաժանմունքում, տեսնենք, եթե այլ բարդություններ չլինեն, հնարավոր է 1-2 օրից նրանց տեղափոխենք այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունք»,-ասաց նա:

Բժշկի խոսքով, հիվանդներից մեկը, 33-34 տարեկան տղամարդ, ավելի երկար կմնա վերակենդանացման բաժանմունքում:

Նա տեղեկացրեց, որ 4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցիցի մեկը բանկի հաճախորդ է:

Ավելի վաղ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մահացածը բանկի հավաքարարն է:

Հրապարակվել են բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյունի հետևանքով վիրավորվածների անունները (ֆոտո)