Գերմանիայում Ձախ կուսակցության պատգամավորը կոչ է արել չեղարկել ռուսական գազի մատակարարումների դեմ պատժամիջոցները եւ սկսել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ բանակցությունները, հայտնում է DW-ն։

«Կառավարությունը պետք է ապահովի, որ էներգակիրների գները զսպվեն մատակարարումների ավելացման հաշվին, այդ թվում՝ Ռուսաստանից»,- կուսակցության տնտեսական փորձագետ Կլաուս Էռնստին է մեջբերում Rheinische Post թերթը։

«Մեր քաղաքացիները եւ մեր տնտեսությունը տառապում են պատժամիջոցների միանգամայն սխալ քաղաքականության հետեւանքներից»,- ասել է նա, իսկ գազի մատակարարման խափանումները նույնպես կարող են «անուղղելիորեն վնասել Գերմանիայի արդյունաբերական ողնաշարին»:

«Գերմանիայի կառավարությունն այժմ պետք է հնարավոր ամեն ինչ անի էներգիայի մատակարարումներն ապահովելու համար... Անհրաժեշտության դեպքում նաեւ սահմանափակ ժամանակով շահագործման հանձնի «Հյուսիսային հոսք 2»-ը, եթե գազի մատակարարումն այլ կերպ հնարավոր չէ ապահովել»: