Հայ ժողովուրդ, ինչքան կարելի է անտարբեր լինել, Նիկո՞լն է ձեզ էդ հայրենիքը տվել:  Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը: 

Նրա խոսքով՝ պետք է մեր հողերին տեր կանգնենք, քանի որ սերունդները մեզ չեն ների: 

«Դուք ինչպես տականք ծնվել եք, այդպես տականք էլ մնացել եք: Դատախազը մեզ անգամ իր աշխատասենյակում չընդունեց, տարավ մի փոքրիկ սենյակ: Պաշտոններ է, որ ստանում են: Բիշարյանը իմ հաշվին պաշտոն ստացավ, Քյարամյանը իմ հաշվին պաշտոն ստացավ: Լավ է՝ Ջհանգիրյանը վարի գնաց: Չվայելեք այդ պաշտոնները, ընկնեք մեր օրը, ձեր որդիները կորեն, փնտրեք, չգտնեք: Անիծելու եմ, երկնավորը ձեզ դատաստան:

Նիկո՛լ, երեկ մեր Սահմանադրության օրն էր, ինչու չնշեցիր, թե՞ եղբայրներդ քեզ չեն թողել: Հայ ժողովուրդ, ինչքան կարելի է անտարբեր լինել, Նիկո՞լն է ձեզ էդ հայրենիքը տվել: Բերձորն է հանձնում, ու մենք լռում ենք: Վեր կացեք: Տեր կանգնեք ձեր ժողովուրդին, հայրենիքին»,- ասաց տիկին Լիդան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: