Հավանաբար բոլորն էլ բախվել են այն իրավիճակին, երբ մեծ խանութի կամ սուպերմարկետի մուտքի մոտ քեզ խնդրում են «հանձնել» աշխատողի տեսանկյունից ավելորդ իրերը։  Խանութի պահեստում իրերը թողնելու պրակտիկա գոյություն ունի նաեւ այլ երկրներում: Բայց եթե այնտեղ խոսքը գնորդի հարմարության մասին է, ապա այստեղ խոսքը բացառապես առեւտրի օբյեկտի «անվտանգության» մասին է։ Այսինքն՝ ի սկզբանե կասկածի տակ է դրվում գնորդի բարեվարքությունը, եւ յուրաքանչյուր հաճախորդի գործողությունները դիտվում են որպես խանութը թալանելու հնարավոր մտադրություն:

Իրավիճակը երբեմն հասնում է աբսուրդի։ Առեւտրի տաղավար կարող են մտնել միայն կանացի պայուսակներ։ Մնացած ամեն ինչը, հատկապես՝ ցելոֆանե կամ թղթե տոպրակները, պետք է հանձնել։ Եվ կապ չունի, որ «պայուսակը» երբեմն հասնում է ալպինիստական ​​ուսապարկի չափի։

Աբսուրդներն այսքանով չեն ավարտվում։ Գործելով «իմ խանութը՝ իմ կանոնները» կարգախոսով, յուրաքանչյուր օբյեկտի սեփականատեր սահմանում է իր կանոնները։ Օրինակ՝ շատ խանութներում փաթեթները հանձնելու պահանջի հետ մեկտեղ հայտնվում է ծանուցում, որ «խանութը պատասխանատվություն չի կրում իրերի համար»։  Կամ գնորդը դիմանում է նվաստացուցիչ վերաբերմունքի՝ իրը կորցնելու հեռանկարով, կամ խուսափում է սուպերմարկետներից։ Պարզվում է, որ կորստի համար ոչ թե խանութն է պատասխանատու, այլ գնորդը։

NEWS.am-ի հետ զրույցում  Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեկնաբանելով իրավիճակը, նշեց․ «Դա կապված է պատասխանատվության հետ: Եթե ​​ստիպում եք իրերը հանձնել, բարի եղեք պատասխանատվություն կրել դրանց համար։ Իրավիճակը պարզ է։ Կամայականությունը պետք է բացառել առօրյայից»։