Ես համոզված եմ, որ մենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. խոսքը միայն Բերձորի ու Աղավնոյի մասին չէ, այլ ընդհանրապես Արցախի ու Հայաստանի գոյության մասին է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

«44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները Հայաստանի համար վկայում են, թե որքան կարեւոր էր Արցախը Հայաստանի անվտանգ գոյության եւ զարգացման համար: Եթե այդ կարեւորությունը չգիտակցենք, չտարվի ակտիվ դիվանագիտական աշխատանք բոլոր հնարավոր ուղղություններով, իհարկե, հայտնվելու ենք շատ ծանր իրավիճակում, որը կարող է վտանգել նույնիսկ մեր պետականությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչը կարող է բեկում մտցնել այս իրավիճակում, նա պատասխանեց. «

ՀՀ իշխանությունները տանում են որոշակի բանակցային գործընթաց, որը շատ զավեշտալի է: Այսօրվա իշխանությունները ժամանակին մեղադրում էին նախկին իշխանություններին, որ ամեն ինչ գաղտնի են պահում, բայց այսօր գաղտնիության շղարշն ավելի խիտ է, քան նախկինում:

Այն, որ ընդդիմությունը, բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ անկախ իրենց քաղաքական մոտեցումներից, հնչեցնում են ահազանգը, նաեւ կոնկրետ առաջարկներ են անում, ասում են, որ Հայաստանը պետք է հստակ արտաբերի, որ նոր ճանապարհի անցկացումը չի նշանակում ինչ-որ հողերի օտարում հօգուտ Ադրբեջանի: Խոսքը նաեւ այն մասին, որ թուլ չտանք, որ Արցախի տարածքը գնալով ավելի ու ավելի փոքրանա: Այդ միտումը պետք է կանգնեցվի: Դրա համար, իհարկե, պետք է հետեւողական դիվանագիտական աշխատանք, նաեւ պետականաշինական աշխատանք: Նկատի ունեմ բանակի շուտափույթ վերականգնում, բանակի իրական բարեփոխում, ոչ թե այն կինոթատրոնային բարեփոխումը, որը մեզ ներկայացվում է պետական ալիքների կողմից՝ ճաշատեսակների բարելավում, վարտիքների մատակարարում եւ այլն: Պատերազմը չեն հաղթում վարտիքով ու ելակով, հաղթում են ամուր, պատրաստված եւ հայրենիքի գաղափարին հավատարիմ զինվորներով: Դիվանագետներն էլ ամրագրում են այդ հաղթանակները»: