Գլոբալ ջերմացումը սպասվածից քառակի ուժեղ է ազդում մեթանի արտանետումների արագացման վրա։ Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է այդ գազի արտադրմանը՝ ակտիվացնելով միկրոբները ճահիճներում։ Մթնոլորտում այդ գազի չեզոքացման բնական ռեակցիաները դանդաղում են հաճախակիացած անտառային հրդեհների պատճառով, գրել է The Guardian-ը։

Մեթանի արտանետումների մոտ 40 տոկոսը կապված  է բնական աղբյուրների հետ, 60 տոկոսը՝ անթրոպոգեն. անասնապահության, վառելիքի արդյունահանման եւ աղբատեղիների գոյության։

20 տարվա ընթացքում մեթանի պարունակությունը մթնոլորտում ավելացել է ածխաթթու գազից 80 անգամ ավելի արագ։ Այժմ դրա մակարդակը գրեթե կրկնակի գերազանցում է մինչինդուստրիալ ցուցանիշները։

Մեթանի արտանետումների աճը կարելի է բացատրել տարբեր գործոններով՝ նավթի հետախուզման ընդլայնումից մինչեւ արկտիկյան տունդրայի հալչելը։

Բայց ասիացի գիտնականները գտել են եւս մեկ պատճառ՝ բնական ռեակցիայի դանդաղումը, որը չեզոքացնում է վնասակար գազը հիդրոթթվային ռադիկալներով։ Անտառային հրդեհների պատճառով առաջացող ածխաթթու գազի խտությունն օդում նվազում է։

«Ածխածնի օքսիդի մոլեկուլը մթնոլորտում մնում է մոտ երեք ամիս՝ հիդրոթթվային ռադիկալի գրոհին ենթարկվելուց առաջ։ Իսկ մեթանը պահպանվում է մոտ տասը տարի։ Այդպիսով, անտառային հրդեհներն արագ սպառել են ածխածնի հիդրոթթվային «լվացամիջոցը» եւ նվազեցրել մեթանի հեռացման հնարավորությունը»,- բացատրել է հետազոտության համահեղինակ Սայմոն Ռեդֆերնը։