ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեցին եւ ընտրեցին իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին:

«Քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքել են մեր աշխատավայրը եւ իրենց իրավասություններին տիրություն չեն անում, իշխող խմբակցությունն առաջադրում է Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Մենք նշել էինք, որ թափուր ենք թողնելու այս պաշտոնը, եւ այն հունվարից թափուր է, սակայն մենք նաեւ քննիչ հանձնաժողովի դեր ունենք եւ տեղակալի պաշտոնը շատ կարեւոր է աշխատանքի ծավալների առումով»,- նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ի սկզբանե այս պաշտոնը պատկանում էր «Հայաստան» խմբակցությանը: Նրանք 15 անգամ առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն իշխող խմբակցության պատգամավորները, տարբեր պատճառներ նշելով, չէին ընտրել Ղազինյանին:

Իշխող խմբակցությունը այս հարցը լուծեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելով: Ըստ փոփոխության՝ Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրվելու քանակը սահմանափակվեց։ Եվ եթե իրավասու խմբակցությունը չի առաջադրում նոր թեկնածու, ապա դրա հնարավորությունն անցնում է իշխող խմբակցությանը: «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց թեկնածուն անփոփոխ է: