Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել 2023թ. գլոբալ ռեցեսիան։

«Մեր վերջին կանխատեսումից հետո հեռանկարները զգալիորեն վատացել են։ 2022-ը ծանր է լինելու, բայց 2023-ը, գուցե, ավելի ծանր։ Ռեցեսիայի ռիսկը 2023թ. ավելացել է»,- ասել է նա Reuters գործակալության հարցազրույցում։

Գլոբալ տնտեսական պատճառների թվում Կրիստալինա Գեորգիեւան նշել է գնաճի խորացումը, Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը եւ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։

Ինչպես նշել է Գեորգիեւան, առաջիկա շաբաթներին ԱՄՀ-ն այս տարի երրորդ անգամ կիջեցնի ընթացիկ տարվա համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ Ճշգրիտ թիվը հիմնադրամի փորձագետները դեռեւս պետք է պարզեն։ Ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել էր կանխատեսումը 4,4 տոկոսից (հունվարի կանխատեսում) 3,6 տոկոսի։ 2022 եւ 2023թթ. նոր կանխատեսումներ կարվեն հուլիսի երկրորդ կեսին։ Անցած տարի համաշխարհային տնտեսական աճը կազմել էր 6,1 տոկոս։