Շառլ Միշելն այսուհետ եւս անձամբ կշարունակի շատ ակտիվ մասնակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական հարաբերություններում «ես մեծ ներուժ եմ տեսնում մեր երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտների հետագա զարգացման համար»։ «ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվում են։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք նոր համաձայնագիր կնքել։ Եթե նայեք միջազգային հարաբերությունների ներկա պատկերին եւ նրան, թե ինչպես են ձեւավորվում տրանսպորտային միջանցքները, ապա կարելի է տեսնել, որ Հարավային Կովկասը եւ մասնավորապես Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի մեծացող դեր են խաղում, այսպես կոչված, Միջին միջանցքի շրջանակներում, որը գնալով ավելի մեծննշանակություն է ստանում: Կարծում եմ, որ սա մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Եվրամիության համար, քանի որ Ադրբեջանը առանցքային դեր է խաղում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրում։ Այս ոլորտում Եվրամիության եւ Ադրբեջանի հարաբերությունները առաջիկա տարիներին միայն կամրապնդվեն։ Իհարկե, մենք համագործակցում ենք նաեւ էներգետիկայի ոլորտում։ Բայց ավելի կարեւոր է, որ նախագահ Իլհամ Ալիեւի եւ նախագահ Շառլ Միշելի անձնական հարաբերություններում ես մեծ ներուժ եմ տեսնում մեր երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտների հետագա զարգացման համար», - ասել է Կլաարը:

«Հուսով եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք [Ադրբեջանի եւ Հայաստանի] ղեկավարների նոր հանդիպումներին, քանի որ այս ձեւաչափն իսկապես մեծ նշանակություն ունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Շառլ Միշելին հաջողվել է քննարկել եւ առաջընթաց գրանցել մի շարք կարեւոր հարցերի շուրջ։ Եվ այս առումով, իհարկե, սա այն ձեւաչափերից մեկն է, որի վրա ԵՄ-ն կշարունակի կենտրոնանալ՝ որպես տարբեր հարցերի լուծման առանցքային կետ։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխատել այլ մակարդակներում։ Անձամբ ես, իմ թիմի, ինչպես նաեւ նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ, անպայման կփոխգործակցենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ՝ լուծելու բոլոր այն կարեւոր խնդիրները, որոնք քննարկվում են։ Խոսքը խաղաղության համաձայնանագրի, հաղորդակցությունների վերականգնման, սահմանի մասին է։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնց լուծման հարցում, կարծում եմ, ԵՄ-ն ունեցել է եւ կունենա ակտիվ մասնակցություն՝ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Կլաարը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ապա նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն օգնության ձեռք է մեկնել այդ խնդրի լուծման համար։

«Բայց, իհարկե, մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով։ Կուզեի նշել, որ մայիսի 22-ին կայացած ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ այս հարցը քննարկումների կարեւոր մասն է եղել։ Եվ ղեկավարները որոշակի կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք հիմք են դարձել անցյալ ամիս Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպմանը այս խնդրի լուծման վերաբերյալ քննարկումների համար։ Սա, իհարկե, առանցքային խնդիր է Ադրբեջանի համար, որը չափազանց կարեւոր է ԵՄ-ի եւ, բնականաբար, Հայաստանի համար։ Եվ ես վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավոր է լուծում գտնել եւ առաջ շարժվել այս շատ կարեւոր հարցում, քանի որ դա բնական հետաքրքրություն է ներկայացնում բոլոր մասնակիցների համար։ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն հատկացնել այս խնդրի լուծմանը»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Կլաարը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ կարգավորումը, որը կնշանակի տրանսպորտային ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների վերականգնում, անշուշտ, ավելի շատ ներդրողների կգրավի տարածաշրջան, որոնք փոփոխվող հանգամանքներում կտեսնեն Հարավային Կովկասի աճող նշանակությունը՝ միջազգային տարանցման եւ առեւտրի համար:

«Բացի այդ, ապագայում, քանի որ մենք կարող ենք ավելի մեծ համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ տարբեր ոլորտներում, լինի դա համագործակցություն էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, թե զբոսաշրջության համատեղ խթանման ոլորտում, սա զուտ օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երեք երկրներին: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որով մենք այժմ գնում ենք, մեծ հեռանկարներ է բացում Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար, այնուհետեւ ԵՄ-ի համար, քանի որ երեք երկրներն էլ մեր կարեւոր հարեւաններն են։ Եվ մենք, անկասկած, մեր հարեւաններին մաղթում ենք ամենայն բարիք»,- եզրափակել է նա: