ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն՝ կներկայացնի դիմում-հարցաթերթ։ Այս որոշումն այսօր՝ հուլիսի 7-ին, իր հերթական նիստում կայացրել է կառավարությունը:

Ընդունված որոշմամբ` որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգի մեջ։

Դիմողն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն` կներկայացի դիմում-հարցաթերթ, որում ներառված կլինի և դիմումը, և արդեն լրացված հարցաթերթը։

Որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։