Ազգային ժողովի հուլիսի 7-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին։

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այսուհետ կունենա պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։ Օրենսդրական փոփոխություններն ընդունվեցին միաձայն՝ 58 «կողմ» ձայներով։ Խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը չմասնակցեց։

Փոփոխություններին համապատասխան՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, թեեւ պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այնուամենայնիվ, նախարարի բացակայության դեպքում նրա գործառույթները չի կատարի։

Հաշվետվողականությունը կտարածվի պաշտպանական գնումների վրա: Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից կվերցնի նյութական աջակցության հարցերը, որպեսզի բանակի ղեկավարությունն ազատվի տնտեսական խնդիրներից եւ կենտրոնանա պաշտպանական առաջադրանքների վրա։