2022 թվականի հունվարին թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոյի վերացումից հետո առաջին հինգ ամիսներին Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը զգալիորեն աճել է եւ գրեթե հասել 2020 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Նա նշեց, որ 2019 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է 2,6 մլն դոլար։ Սա, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բազմաթիվ ընկերություններ գործում են արտասահմանյան ապրանքանիշներով, եւ այդ ապրանքանիշների ներքո արտադրված հագուստն արտահանվում է նաեւ Թուրքիա։ «Ինչ վերաբերում է հետագա հնարավոր գործընթացներին՝ կապված ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի եւ տնտեսական էֆեկտի հետ, ապա դրանք ավելի շուտ խորհրդանշական բնույթ կկրեն»,- հավելեց փորձագետը։

Ավիափոխադրումների ակտիվացման դեպքում, Ֆանյանի գնահատմամբ, Թուրքիա արտահանումը մեծ չի լինի, քանի որ Հայաստանը չունի այնպիսի արտադրություն, որը կարող է արտահանել եւ այդ արտադրանքը պահանջարկ կունենա։ «Սակայն Թուրքիայից կարող է աճել, օրինակ, ծովամթերքների ներմուծումը։ Ինչ վերաբերում է ցամաքային երթեւեկությանը, ապա այստեղ կարելի է խոսել միայն զբոսաշրջության ոլորտի մասին»,- ընդգծեց նա։