Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել Հայաստան փախստականների հոսքի, եւ մենք պետք է այս մասին հիմա մտածենք, որպեսզի ապագայում չդառնանք միայն որոշակի որոշումների կամ առաջարկների սպառող։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

Նա հիշեցրեց, որ սիրիական պատերազմի սկզբից մոտ 4 միլիոն փախստական է հայտնվել Թուրքիայում, որից 3 միլիոնը դեռ ապրում է այս երկրում, եւ այդ փախստականների մի մասը կարող է հայտնվել Հայաստանի հետ սահմանին, ուստի երրորդ երկրների քաղաքացիներին հայ-թուրքական սահմանը հատելու հնարավորություն տրամադրելու մասին պայմանավորվածությունները կատարելու դեպքում պետք է մտածել սահմանային հսկողության ուժեղացման մասին։ «Հաշվարկե՞լ է արդյոք Հայաստանը, թե փախստականների եւ տեղահանվածների ինչ հոսքեր կհորդեն Թուրքիայից, որը երկար ժամանակ փախստականների տարանցիկ երկիր է եղել»,- հարցրեց փորձագետը։

Տեր-Մաթեւոսյանը կոչ արեց պարզաբանել, թե որն է Հայաստանի պետական շահը վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման հարցում, քանի որ հայ սահմանապահները հարկատուների հաշվին կսպասարկեն երրորդ երկրների քաղաքացիներին։ «Կկարողանա՞ն արդյոք այս քաղաքացիները իրենց անձնական մեքենաներով հատել սահմանը։ Կկարողանա՞ն առեւտրով զբաղվել։ Արդյո՞ք կողմերը տեղեկատվություն կփոխանակեն երրորդ երկրների քաղաքացիների սահմանը հատելու մասին: Հայաստանը պետք է զգույշ լինի՝ հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական ձեռագիրը, կարող է հայտնվել անհարմար վիճակում»,- ասաց նա։

Սահմանների բացման հարցում նման փոքր քայլերով Թուրքիան, նրա կարծիքով, կարող է ծանր կացության մեջ դնել Հայաստանին, քանի որ Անկարան, անհրաժեշտության դեպքում, ձախողումների մեղքը կգցի Երեւանի ուսերին։

«Ղարաբաղի հարցը միայն այսբերգի գագաթն է։ Թուրքիան եւ Հայաստանը ավելի խորը պատմական խնդիրներ ունեն։ Սահմանի եւ Հայոց ցեղասպանության հարցերը մշտապես անհանգստացնում են Թուրքիային, որը ցանկացած պատրվակ օգտագործում է դրանցից հեռանալու համար»,- եզրափակեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։