Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը կշարունակի աջակցել ուկրաինացի ժողովրդին այն բանից հետո, երբ անձամբ Ջոնսոնը հեռանա վարչապետի պաշտոնից։ Այս մասին նա կհայտնի Դաունինգ սթրիթում գտնվող իր պաշտոնական նստավայրի շեմին՝ հայտարարելով իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոններից հեռանալու որոշման մասին։

«Թույլ տվեք հիմա ասել Ուկրաինայի ժողովրդին՝ ես գիտեմ, որ մենք Մեծ Բրիտանիայում կշարունակենք աջակցել ձեր պայքարին հանուն ազատության այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասել է Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ ինքը տխուր է, որ թողնում է «աշխարհի լավագույն աշխատանքը»։ Միաժամանակ նա խոստացել է աջակցել Պահպանողական կուսակցության ապագա առաջնորդին ու բրիտանական կառավարության ղեկավարին։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը դիմել էր բրիտանացիներին ու հայտարարել վարչապետի եւ պահպանողականների առաջնորդի պաշտոնը լքելու որոշման մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը հասկանում է, որ Պահպանողական կուսակցության համար եկել է նոր ղեկավար ընտրելու ժամանակը։ Նշվում է, որ նա պարտականությունները կկատարի մինչեւ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը։