Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով վարչապետը կարևորեց ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: «Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - ասաց կառավարության ղեկավարը:

Նշենք, որ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ հատկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին:

Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին:

Եվ այսպիսով 3.5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել: