Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը (AAM՝ Ադրբեջանում ոսկու հանքավայրերի մշակման օպերատոր) Ադրբեջանում երեք նոր հանքավայրերի զարգացման ռազմավարություն կպատրաստի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Երեքշաբթի օրը Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վավերացրել է AAM ընկերության կողմից Ադրբեջանում հանքաքարի հանքավայրերի յուրացման համար գործող Արտադրության բաշխման համաձայնագրի («ԱԲՀ») փոփոխությունները: Փոփոխությունները ներառում են ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ 2021 թվականի սեպտեմբերին ստորագրված հիմնական դրույթների մասին փաստաթուղթ, որը Anglo Asian Mining-ին իրավունք է տալիս մշակել ընդհանուր 882 ք/կմ տարածքով երեք նոր հատվածներ եւ Ադրբեջանի Քելբաջարի շրջանում (Հայաստանի հետ սահմանին) Սոյութլու պայմանագրային տարածքի նկատմամբ իրավունքներից հրաժարում»,- ասվում է AAM-ի տեղեկատվության մեջ։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, հղում անելով ընկերությանը, այս փաստաթղթի վավերացմամբ Anglo Asian Mining-ն ակնկալում է մոտ ապագայում ստանալ բոլոր առկա երկրաբանական տվյալները նոր ակտիվների վերաբերյալ։

«Դրանից հետո AAM-ն անմիջապես կսկսի առկա երկրաբանական տվյալների եւ նոր պայմանագրային տարածքների զարգացման հնարավորությունների մանրամասն վերլուծությունը: Վերլուծության ավարտից հետո ընկերությունը կհայտարարի նոր պայմանագրային հատվածների զարգացման իր ռազմավարության մասին»,- ընդգծել է ընկերությունը։

Ընկերությունը հիշեցնում է, որ ԱԲՀ-ի փոփոխությունները վավերացնելուց հետո AAM-ն այժմ Ադրբեջանում ունի ութ պայմանագրային տարածք՝ 2544 ք/կմ ընդհանուր մակերեսով:

«(…) Այս ձեռքբերումների նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ դրանք էապես մեծացրել են ակտիվների մեր բազայի հանքայնացումը եւ հեղափոխություն են իրականացրել մեր պորտֆելում: Այս նոր պայմանագրային տարածքները Anglo Asian-ի համար ճանապարհ են հարթում՝ միջին մակարդակի հանքարդյունաբերական ընկերություն դառնալու իր նպատակին հասնելու համար: Սրան ձգտելով՝ ընկերությունը ներկայումս մշակում է գործառնական աճի ռազմավարություն»,- ասել է Anglo Asian Mining-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեզա Վեզիրին, որի խոսքերը մեջբերվում են մամուլի հաղորդագրության մեջ:

Երեք նոր պայմանագրային տարածքներից երկուսն իրենցից ներկայացնում են Ղարադաղի ծիրանաքարի մեծ հանքավայրը եւ հարակից Խարխարի պղնձի հանքավայրը: Երկու տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 808 ք/կմ, դրանք սահմանակից են Գետաբեկի եւ Գոշի (Դաշքեսանի շրջանում) պայմանագրային տարածքներին։

Ըստ AAM-ի տեղեկատվության՝ Ղարադաղի ծիրանաքարի հանքավայրը, խորհրդային հաշվարկներով, պարունակում է 318 700 տոննա պղինձ՝, որն ընթացիկ գներով գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար, մեկ տոննա հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է 0,64 տոկոս։ Ընկերությունն ակնկալում է հանքաքար արդյունահանել բաց եղանակով։

Խարխարի հանքավայրը, ըստ նախնական տվյալների, զգալի ներուժ է դրսեւորել, ընկերությունը նախատեսում է պաշարների երկրաբանական գնահատում կատարել։

Երրորդ պայմանագրային տարածքը` Դեմիրլին, հարում է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գտնվող Ղըզըլբուլաղ պայմանագրային տարածքին (Տերտերի շրջանում), ինչը թույլ կտա ընդլայնել զարգացման գոտին դեպի հյուսիս-արեւելք: Այս պայմանագրային տարածքը ներառում է Դեմիրլիի պղնձամոլիբդենային հանքավայրը։ 2016 թվականի հունվարի դրությամբ չհաստատված տվյալներով հանքավայրում կա մոտ 275 000 տոննա պղինձ եւ 3200 տոննա մոլիբդեն։ «Դեմիրլիի հանքարդյունաբերական համալիրն արդեն կառուցվել է նոր պայմանագրային տարածքում, ուստի այս պայմանագրային տարածքում գործողությունների զարգացումը տեղի կունենա արագացված կարգով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ինչպես հաղորդվում է, Anglo Asian Mining-ը ներկայումս թանկարժեք մետաղներ է արդյունահանում Գետաբեկի եւ Գոշի պայմանագրային տարածքներից:

Պայմանագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին եւ նախատեսում էր 6 հանքավայրերի զարգացում։ Պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 51 տոկս Anglo Asian Mining PLC-ինը՝ 49տոկոս։

Առաջին ոսկու արդյունահանումը սկսվել է 2009 թվականին Գետաբեկի հանքավայրից, արծաթի արդյունահանումը՝ 2010 թվականին։ 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը սկսել է Գոշի պայմանագրային տարածքի մշակումը, գրում է աղբյուրը։