Վայոց Ձորի Ելփին գյուղում հակառակորդի կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է։  Գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի րոպեի ընթացքում չորսից հինգ կրակոց է հնչել։

«Այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է, մեզ մոտ ժամանակ առ ժամանակ հնչում են կրակոցներ: Բնակիչների մոտ խուճապ չկա: Այս անգամ մի քանի րոպեի ընթացքում չորսից հինգ կրակոց է հնչել, մեծ տրամաչափի փամփուշտներ էին, ձայնը ուժեղ լսվել է»,– պատմեց նա:

Անդրանիկ Աղախանյանը նշեց, որ գյուղից մի մեքենա է վնասվել: «Բնակիչները գյուղից գնում էին դեպի Երեւան, ճանապարհին կանգ են առել, որ ուտելիք գնեն, այդ պահին փամփուշտը մտել է ավտոմեքենայի մեջ, մյուս կողմից դուրս եկել եւ կպել պատին: Կոնկրետ այդ հատվածը թիրախավորվող հատված չէր, ենթադրում եմ՝ փամփուշտն է շեղվել ուղղությունից եւ հասել ավտոմեքենան»,- պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ այսօր՝ հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Պաշտպանության նախարարությունից NEWS.am–ին տեղեկացնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։