Մոսկվան հավաստիացրել է «Սիրիական դեմոկրատական խորհրդին» (ՍԴԽ), որ չի աջակցի Սիրիայում հերթական ռազմական գործողության Անկարայի պլաններին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ՍԴԽ-ի ներկայացուցիչ Բասամ Սակերը (Bassam Saker)։

«Ռուսաստանը մեզ հավաստիացրել է, որ կանաչ լույս չի վառի Թուրքիայի համար (Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում զավթման նպատակով – խմբ.)»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ թուրքական ուժերը գրոհ չեն սկսել, բայց «ուժեղացրել են  որոշակի շրջանների պարեկումը»։

Ավելի վաղ  Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը, որոնք այնտեղ քրդական կազմավորումների դեմ գործողություններ են իրականացնում, Դամասկոսը քանիցս անվանել է  անօրինական եւ Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։