Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գրեթե բոլոր սկանդինավյան երկրները «ահաբեկության բներ» են դարձել եւ կրկնել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերն արգելափակելու իր սպառնալիքը, եթե նրանք չկատարեն Անկարային տված իրենց խոստումները, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Նորվեգիան, «ահաբեկության բների» են վերածվել։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Գերմանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան եւս աջակցում են խմբավորւմներին, որոնք Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ է համարում:

Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի հակազդեցությանը, որը երկրներին մեղադրել է ահաբեկչական համարվող խմբավորումներին աջակցելու մեջ: Հունիսին երեք երկրները Անկարայի վետոն չեղարկելու համաձայնագիր ստորագրեցին՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ զենքի արտահանման հետ կապված պարտավորությունների դիմաց:

«Մեր պայմանն այն է, որ այդ երկրները դադարեցնեն ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունն ու ցույցերը եւ հանձնեն իրենց ձեռքում գտնվող ահաբեկիչներին… Եթե նրանք չկատարեն մեզ տված իրենց խոստումները, մենք չենք կարողանա դրականորեն լուծել այս հարցը»,- ասել է Էրդողանը։