Վայրի կապիկը, ներխուժելով տներ, ահաբեկում է փոքրիկ քաղաքը Ճապոնիայի հարավ-արևմուտքում, հայտնում է CNN-ը։

Յամագուչիի Օգորի թաղամասում հուլիսի 8-ից շուրջ 20 մարդ ենթարկվել է կապիկի հարձակմանը, որոնցից շատերը թեթեւ վնասվածքներ են ստացել, վկայում են քաղաքային ղեկավարության տվյալները:

Ամենաերիտասարդ տուժածը 10 ամսական աղջիկ էր, ում ոտքը կապիկը քերծել էր փոքրիկի տան առաջին հարկ ներխուժելուց հետո:

Երեքշաբթի երեկոյան կապիկը հարձակվել էր տարրական դպրոցի վրա՝ կծելով 10-ամյա տղայի ձեռքը։

Այնուհետեւ նա փողոցում հարձակվել էր եւս երկու տարեց կնոջ վրա։

Իշխանությունները չեն հայտնել, թե ինչ տեսակի կապիկի մասին է խոսքը, սակայն նշել են, որ այդ տարածքում մակակներ են ապրում, որոնք հայտնի են նաեւ որպես ճապոնական ձյունե կապիկներ:

Ոստիկանությունն ուժեղացնում է պարեկային հսկողությունը տարածքում եւ կոչ է անում հանրությանը փակ պահել պատուհանները, քանի դեռ որսը շարունակվում է: