Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադհեմին հուլիսի 21-ը հայտարարել է ազգային սգո օր այն բանից հետո, երբ ինը հանգստացող է սպանվել թուրքական ԶՈւ-ի հրետակոծության ժամանակ քրդական լեռնային գյուղում, տեղեկացրել է AFP-ն։

Քուրդ պաշտոնյայի խոսքով՝ նրանց մարմինները պետք է հասցվեն Բաղդադ Էրբիլից՝ ընտանիքներին հանձնվելու համար։

Զահի շրջանի Փարահ գյուղում հրետակոծության հետեւանքով վիրավորվել է նաեւ 23 մարդ, որոնց մեծ մասը՝ տեղի զբոսաշրջիկներ, որոնք շոգից պատսպարվելու տեղ էին գտել քրդական լեռների հյուսիսում։

Հրետակոծությունը ցասման ալիք է բարձրացրել Բաղդադում թուրքական վիզային կենտրոնի կողքին։

Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ պահանջելով վտարել Թուրքիայի դեսպանին։ «Մենք ցանկանում ենք այրել դեսպանատունը։ Դեսպանը պետք է վտարվի,- ասել է 53-ամյա ցուցարար Ալի Յասինը։- Մեր կառավարությունը ոչինչ չի անում»։

Չորեքշաբթի բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ շիական Նաջաֆ եւ Քերբելա սրբավայրերի մոտ, ինչպես նաեւ հարավային Նասիրիա քաղաքում։

Իրաքի վարչապետը Թուրքիային նախազգուշացրել է, որ Իրաքը «պատասխան հարվածի իրավունք է վերապահում»՝ հրետակոծությունն անվանելով ինքնիշխանության «աղաղակող խախտում»։

Իրաքը հայտարարել է, որ Անկարայից հետ է կանչում իր վստահված անձին, եւ պահանջել է Թուրքիայից պաշտոնական ներողություն խնդրել, ինչպես նաեւ «դուրս բերել զինված ուժերն ամբողջ իրաքյան տարածքից»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի ընդունում հրետակոծության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ նման «ահաբեկչություններ» կատարվել են «ահաբեկչական կազմակերպությունների» կողմից։

Ապրիլին Անկարան հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում, որն ստացել է «Ճանկ-ամրոց» անվանումը, եւ որի նպատակն էին, ըստ նրա, Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինները։