Թուրքիան ազդարարում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շահագրգռության վերականգնման մասին, բայց հարցն այն է, թե արդյոք անկեղծ է Անկարան Երեւանի հետ խաղաղության հարցում, թե՞ «պարզապես ցանկանում է մեղմ երեւալ, գրել է Մայքլ Ռուբինը 1945 պորտալի իր հոդվածում։

«Տասնհինգ տարի առաջ թուրք ազգայնականը դիմահար սպանեց Թուրքիայի հայ լրագրող Հրանտ Դինքին՝ գոչելով, որ սպանել է «անհավատի»։ Սպանությունը հայտնվեց միջազգային թերթերի վերնագրերում եւ ցնցեց ոչ միայն հայերին, այլեւ լիբերալ թուրքերին։ Դրանից հետո թուրքական կառավարությունը փորձեց փոխել նարատիվը Հայաստանի հետ հարաբերություններում երկկողմ լարվածության թուլացման միջոցով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլին հրավիրեց Երեւան՝ ֆուտբոլի խաղ դիտելու, ինչից հետո նոր փոխանակումներ կատարվեցին։ Վերջապես, 2009թ. հոկտեմբերին հայ եւ թուրք բանակցողները համաձայնեցրին երկու արձանագրություն, որոնք ճանապարհային քարտեզ ստեղծեցին դիվանագիտական հարաբերությունների պաշտոնականացման, սահմանների բացման եւ Հայոց ցեղասպանության հարցի համատեղ կոմիտեի ստեղծման համար։

Բայց մի քանի օր անց լավատեսությունը վերածվեց պարտության։ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվեց վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները Ադրբեջանի համաձայնության բացակայության պատճառով։ Դա անիմաստ արդարացում էր. Անկարան է հրամայում Բաքվին, ոչ թե հակառակը։ Դա նաեւ դասական Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։ Նա դիվանագետ էր ձեւանում, որպեսզի խուսափի պատասխանատվությունից բռնության համար, որը տրամաբանորեն բխում էր նրա ազգայնական եւ ծայրահեղական էքսցեսներից։

Միեւնույն ժամանակ, Էրդողանը շահ էր փնտրում հարաբերությունների բացակայության մեջ։ Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը  ստիպեց նրան հենվել Իրանի վրա՝ որպես տնտեսական ելք դեպի աշխարհ։ Էրդողանի կողմնակիցներն այս կապերը նշում էին որպես պատճառ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միության՝ Հայաստանի պատճառով։ Իրականում այդ քաղաքականությունը նման էր հրդեհողի, որն այրում է հարեւան տունը, իսկ հետո բողոքում ծխից։ Բայց եւ այնպես, Վաշինգտոնում այս մարտավարությունն աշխատում է, որովհետեւ ինչպես պետդեպարտամենտի թուրք կադրերը թվաքանակով շատ անգամ գերազանցում են այն աշխատակիցներին, որոնց հանձնարարված է կառավարել տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունները, այնպես էլ այն պատճառով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանություններն ավանդաբար ավելի ակտիվ են, քան Հայաստանի դեսպանությունը։

Պատմությունը կրկնվում է։ Քանի որ Թուրքիան բախվում է եռանիշ գնաճի եւ վերահաս սնանկության, Էրդողանը նորից է ահազանգում, որ պատրաստ է պատերազմի կացինը հորել եւ երկխոսություն սկսել։ Եթե առաջ նա Իսրայելի նախագահ, Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսին անվանում էր մարդասպան, ապա հիմա ողջունում է իսրայելցի գործընկերոջն Անկարայում։ Եվ չնայած մի անգամ խոստացել է, որ կանգ չի առնի ոչնչի առջեւ, որպեսզի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանին (ՄԲՍ) պատասխանատվության ենթարկի սաուդցի լրագրողի եւ հետախուզության նախկին աշխատակցի՝ Ջամալ Խոշագջիի սպանության համար, անցած ամիս նա ՄԲՍ-ին ողջունեց Անկարայում այն բանից հետո, երբ հրամայեց դադարեցնել նրա դեմ դատական գործը։ Փաստը, որ Էր Ռիյադը կոշտ խաղ է վարել Էրդողանի հետ եւ ստիպել նրան նահանջել, հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու Վաշինգտոնն ու Բրյուսելը միշտ ընտրում են ավելի մեղմ մոտեցում, իսկ հետո զարմանում, երբ այն երբեք չի աշխատում։

Հիմա եկել է Հայաստանի հերթը՝ դառնալու Թուրքիայի դիվանագիտական շրջադարձի առարկան։ Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին  եւ իսրայելական անօդաչուներով հանկարծակի գրոհ սկսեց Արցախի դեմ։ Այն, որ հարձակումը տեղի ունեցավ հայաբնակ շրջանի վրա օսմանյան հարձակման 100-ամյակին, զուգադիպություն չէր։ Էրդողանը քանիցս հարձակումն անվանել է կրոնական ջիհադ քրիստոնյաների դեմ։

Բայց այսօր Թուրքիան ազդարարում է Հայաստանի հետ բանակցությունների շահագրգռվածության վերականգնման մասին։ Հուլիսի 1-ին Թուրքիան համաձայնեց բացել սահմանը բեռների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Արդյունքում՝ Էրդողանը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ խոսել են։ Չնայած Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտարարել են, թե համակարգում են իրենց գործողություններն ադրբեջանցի գործընկերների հետ, Բաքուն ընդհանուր առմամբ սառն է վերաբերվել Թուրքիայի դիվանագիտական քայլերին։ Հիմա հարց է ծագում. արդյո՞ք իսկապես Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞, հակառակը, պարզապես ցանկանում է չափավոր թվալ։

Իմանալու միջոցներ կան։

Ավստրիայում կամ այլ երրորդ երկրում հանդիպելու փոխարեն Թուրքիան եւ Հայաստանը կարող են բանակցությունները վերսկսել Անկարայում եւ Երեւանում։ Թուրքիան ազդարարում է պատրաստակամության մասին։ Եթե Թուրքիան անկեղծ լինի, թուրք բանակցողները պետք է հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելով։ Նրանք նաեւ կարող են ազդարարել այն մասին, որ սատարում են ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը՝ խրախուսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կարգավորել այն, այլ ոչ թե աջակցելով նրա՝ հայ ազգաբնակչությանը ոչնչացնելու եւ նրանց մշակութային ժառանգությունը վերացնելու փորձերին։ Իսկապես, կեղծավորություն կա այն բանում, որ Էրդողանը դժգոհում է մուսուլմանների հետ վերաբերմունքից՝ ղեկավարելով քրիստոնեական ներկայության վերացումը Թուրքիայում, Ադրբեջանում եւ անգամ Սիրիայի հյուսիսում։

Բոլոր կողմերի շահերից է բխում վեճերը Հարավային Կովկասում դիվանագիտական ճանապարհով լուծելը։ Հակառակ դեպքում դա շահավետ է միայն Ռուսաստանին եւ Իրանին։ Բայց եթե պետդեպարտամենտը ցանկանում է ցույց տալ, որ դիվանագիտությունը վերադառնում է, նա կարող է խաղալ իր դերը։ Նախ՝ Անկարային հաշտեցման ազդանշանի համար պարգեւատրելու փոխարեն նա պետք է Թուրքիայի մասին դատի նրա գործողությունների էությունից ելնելով։ Երբեք այլեւս Թուրքիան չպետք է քաղի այն քաղաքականության պտուղները, որը չի պատրաստվում իրականացնել։

Երկրորդ՝ նա պետք է մարդ նշանակի դեսպանի մակարդակով՝ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերի փոխարեն, որը նոր պաշտոնի է անցել։

Երրորդ՝ առավելապաշտական մոտեցումները երբեք խաղաղություն չեն բերի։ Միայն մշակութային եւ քաղաքական ինքնավարությունը կաշխատի։ Արցախը Դոնեցկը չէ, դա արհեստական ստեղծված բան չէ։ Հակառակը, այն եղել է մինչեւ այն ջնջելու օսմանյան, խորհրդային եւ ադրբեջանական փորձերը, եւ հաղթահարել է դրանք։ Եկել է կոսովյան մոդելն ընդունելու ժամանակը»։