Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելը գաղտնի լոբբինգ է իրականացրել ԱՄՆ վարչակազմում որպեսզի ստիպի Թուրքիային հրաժարվել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իր ռազմական գործողությունից, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների:

Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլատան իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին ասել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողությունը վնաս կհասցնի քրդերին, բայց երկարաժամկետ հեռանկարում օգուտ կբերի Իրանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին հայտարարել էր, որ զինված ուժերը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում գործողության՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին ընդլայնելու համար, որը տարածվում է Թուրքիայի սահմանից հարավ։ Գոտին ստեղծվել է 2019 թվականին թուրքական հերթական ռազմական ներխուժումից հետո։

Իսրայելի ուղերձը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին փոխանցել են իսրայելցի մի քանի այլ պաշտոնյաներ:

Այս շաբաթվա սկզբին Էրդողանը վերահաստատել է իր հարձակողական ծրագրերը՝ հայտարարելով, որ Թուրքիան ավելի շատ օգնություն է ուզում Ռուսաստանից եւ Իրանից, բայց կարողացել է շարունակել Սիրիայում «ահաբեկչական» կազմակերպությունների դեմ պայքարը՝ աջակցության որեւէ կարիք չունենալով: Թուրքիայի ղեկավարը այդ մասին հայտարարել է Թեհրանում իր ռուս եւ իրանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Էրդողանին խորհուրդ է տվել նոր ռազմական հարձակում չսկսել Սիրիայում՝ զգուշացնելով, որ նման քայլը «կվնասի Սիրիային, Թուրքիային եւ տարածաշրջանին»։

Մայիսին Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր Թուրքիային՝ ասելով, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը վտանգի տակ կդնի ամերիկյան զորքերին, հաղորդում է France 24 լրատվական կայքը: