Իտալիան, Լեհաստանը եւ Հունգարիան անհանգստություն են հայտնել բնական գազի սպառումը կրճատելու Եվրահանձնաժողովի առաջարկի առնչությամբ, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Իտալիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի ներկայացուցիչները լուրջ կասկածներ ունեն այն գաղափարի վերաբերյալ, որը չորեքշաբթի ներկայացրել է Եվրահանձնաժողովը, որով առաջարկվում է 15 տոկոսով կրճատել գազի օգտագործումը հաջորդ ութ ամիսներին։

ԵՄ-ի այս պլանը կանդրադառնա բոլոր տնային տնտեսությունների, էլեկտրաէներգիա արտադրողների եւ արդյունաբերության վրա եւ կարտացոլի աճող անհանգստությունը՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի արտահանումը տարածաշրջան։ Դա սպառնալիքի տակ կդնի ձմռան շեմին գազի պաշարները համալրելու ԵՄ-ի ջանքերը՝ վտանգելով կարեւոր հատվածներ մատակարարումների հուսալիությունը եւ վնաս հացնելով տարածաշրջանի տնտեսությանը հաջորդ տարի։

ԵՀ-ն նշել է, որ հունվար-ապրիլին ԵՄ-ը ընդհանուր առմամբ կրճատել է գազի սպառումը 5 տոկոսով, իսկ անդամ պետություններում, որտեղ տեղի է ունեցել կրճատումը, նկատելի ազդեցություն չի եղել ներքին համախառն արդյունքի վրա։

Պորտուգալիան լիովին դեմ է ԵՄ-ի առաջարկին, ասել է էներգետիկայի պետքարտուղար Ժոաո Գալամբան Expresso թերթին։ Նրա խոսքով՝ այս տարի երկիրը ստիպված է եղել ավելացնել բնական գազի սպառումը էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ երաշտով պայմանավորված հիդրոէլեկտրակայանների ցածր արտադրողականության պատճառով, իսկ ԵՀ-ի պլանը «կենսունակ չէ», քանի որ Պորտուգալիան կթողնի առանց էլեկտրականության։

Իսպանիան չի կարող աջակցել հանձնաժողովի առաջարկին, որտեղ անտեսվում են կարեւոր տնտեսական եւ սոցիալական հետեւանքները, ասել է փոխվարչապետ Թերեզ Ռիբերան։ Նա ավելացրել է, որ գազի սպառման կրճատումը երկրին կստիպի կրճատել էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ դադարեցնել գազի արտահանումը մայրցամաքի այլ մասեր։

Պորտուգալիան եւ Իսպանիան ավելի քիչ են կախված ռուսական գազից, քան եվրոպական մյուս երկրները, իսկ Պիրենեյան թերակղզին ընդամենը սահմանափակ խողովակաշարային հաղորդակցություն ունի մնացյալ Եվրոպայի հետ, բայց ունի վերագազիֆիկացման մեծ հզորություններ՝ հեղուկացված բնական գազի խմբաքանակների ընդունման համար։