Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։

Օմեր Չելիքը պնդել է, թե հարաբերությունների կարգավորումը կախված է նրանից, թե ինչքանով Հայաստանը կպահի խոսքը։ 

Նրա խոսքով, նախկինում որոշ երկրներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տապալում էին, որպեսզի Հայկական Սփյուռքն իրենցից շարունակի կախում ունենալ։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։