Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այսօր՝ 02։40-ի սահմաններում,  հնչած կրակոցների մասնակիցներից Տիգրան Սարգսյանը գյուղապետ Արտակ Սարգսյանի ազգականն է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Արտակ Սարգսյանը։

Նա ասաց, որ այդ միջադեպին ներկա չի եղել. «Եկել եմ այն ժամանակ, երբ արդեն հիվանդանոց էին տանում։ Երկու երիտասարդներ են, իրար չեն հասկացել։ Այդքան լուրջ բանից չի եղել»,- ասաց գյուղապետը։

Արտակ Սարգսյանը պատմեց, որ վիրավորները միջադեպին մասնակից չեն եղել։

Նշենք, որ գյուղից կեսգիշերին երեք բնակիչ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցներ։ Վիրավորների թվում նաեւ կին կա։

Պարզվել է, որ գյուղի բնակիչներ Տիգրան Սարգսյանը եւ Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, այնուհետեւ Մովսիսյանը Սարգսյանի ուղղությամբ կրակոցներ է արձակել։

Մովսիսյանը նաեւ հետապնդել է Տիգրան Սարգսյանին եւ կրկին կրակել նրա ուղղությամբ, ինչի հետեւանքով գյուղի երեք բնակիչ ստացել է հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վեճը տեղի է ունեցել հրազենային վիրավորում ստացած կնոջ տան հարեւանությամբ, նրանք վեճի ձայներից դուրս են եկել ու վիրավորում ստացել։