Հայաստանցի բնապահպանները չորրորդ տարին է՝ ստիպված են պայքարել նոր աղետի՝ սպիտակ արագիլի աղտոտման դեմ։ Յուղոտ թափոններից աղտոտված թռչունները, կորցնելով թռչելու ունակությունը, մահանում են քաղցից կամ դառնում աղվեսների, շնագայլերի եւ շների որսը։ Գյուղերի սրտացավ բնակիչների օգնությամբ բնապահպանները եւ կենդանիների պաշտպանները որսում են փորձանքի մեջ ընկած արագիլներին, տանում Երեւան, լվանում եւ բաց թողնում բնության մեջ։ NEWS.am-ի թղթակցին բախտ է վիճակվել մասնակցել նրանց բռնելու եւ լողացնելու պրոցեսին։

Յուղից սեւացած սպիտակ արագիլների հերթական խմբաքանակը որսացել են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերում ուշ երեկոյան։ Ահազանգն ստացվել էր ցերեկը, եւ նրանց բռնելու գործը հետաձգելը կնշանակեր երկարացնել անօգնական թռչունների տառապանքները մեկ եւ ավելի օր, եւ նույնիսկ մահվան դատապարտել նրանց։ Չնայած ուշ ժամին՝ փորձանքի մեջ հայտնված արագիլների մասին տեղեկացրած գյուղացիներն սպասում են։ «Մեկը մեր ավտոտնակում է, կարողացանք այնտեղ քշել։ Ավտոտնակի արագիլը կեղտոտ է, բայց, բարեբախտաբար, վնասվածք չունի, չէ՞ որ հաճախ առաջին թռիչքը երիտասարդ արագիլների համար ավարտվում է ողբերգականորեն՝ փետուրների մեջ հավաքված յուղի պատճառով։ Առանց դժվարության թռչնին պարկի մեջ մտցնելով՝ գնում ենք երկրորդի հետեւից։ Հինգ րոպե հետո լուսարձակների լույսի ներքո երեւում է հպարտ արագիլի ուրվագիծը կիրճի եզրին։ Թռչունն ուրախ չէ, որ իրեն գտել են, եւ պատրաստ է փախչել։ Բայց ճարպից ծանրացած թեւերով դա այնքան էլ հեշտ չէ, եւ նորից առանց առանձնակի դժվարության նրան որսում եւ դնում ենք պարկի մեջ։ Գյուղերում շրջելուց մի երկու ժամ հետո, կեսգիշերին մոտ, հոգնած, բայց գոհ վերադառնում ենք տուն՝ բեռնախցիկում վեց հավելյալ ուղեւորով։

Թռչունները կհանգստանան եւ ուժ կհավաքեն այն տարածքում, որը հատուկ տրամադրվել է այդ նպատակի համար։ Հետո արագիլներին կլողացնեն, ինչից հետո բաց կթողնեն։

Արագիլների «լոգանքի օրը» կիրակին է։ Բոլոր սրտացավ մարդիկ՝ ծեր, թե երիտասարդ, կարող են իրենց ավանդն ունենալ սպիտակ արագիլի փրկության գործում։ Ջանալով նվազագույնի հասցնել սթրեսը՝ լողացնելու ժամանակ թռչունների գլխին իմպրովիզացված «կնգուղներ» են հագցնում։ Թե ինչով են լողացնում արագիլներին՝ բնապահպանները չեն նշում, որպեսզի բնակիչների մեջ գայթակղություն չառաջանա՝ ինքնուրույն լողացնելու արագիլներին։ Ի դեպ, պրոցեսը հեշտերից չէ։ Սովորաբար արագիլներին լողացնում են երկու-երեք հոգով, մեկը պահում է գլուխն ու կտուցը, մյուսը կամ երկուսը լվանում են թեւերը եւ մարմինը փոքրիկ վաննայում։ Պրոցեսին ուշադիր հետեւում է արեւմտասիբիրյան Գաբի լայկան։

«Մեր բախտը բերել է, որ արագիլների վարքագծում կտցով հարվածելու սովորություն չկա։ Այ, եթե նրանց տեղը ձկնկուլ լիներ...»,- կատակում է Էնդեմիկ եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների պահպանության հիմնադրամի ղեկավար եւ Գաբիի տեր Մանուկ Մանուկյանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խնդրի մասին պատմում է BirdLinks Armenia հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Աղաբաբյանը։

«Տագնապի առաջին զանգը ստացել ենք 2019թ. Հովտաշեն գյուղից։ Շնորհիվ գյուղաբնակների ցանցի, որոնք զբաղվում են սպիտակ արագիլի մոնիթորինգով։ Մենք այդ ցանցը սկսել ենք զարգացնել 2006-ից, ամեն տարի տվյալներ ենք հավաքում արագիլների մասին, այդ թվում նաեւ այդպիսի ահազանգեր։ 2019թ. մենք որպես խնդրի աղբյուր հայտնաբերեցինք թառափի աճեցման տնեսություն, որը ձկան զանգվածային որսի ժամանակ նրանց որովայնի պարունակությունը նետում էր մոտակա ջրանցք։ Այդ զանգվածը հոսում էր մինչեւ առաջիկա խոչընդոտը, որտեղ առաջ էր գալիս ճահիճ, ստեղծվում էր կերակրաբազա արագիլների համար։ Ես հատուկ նշեցի, որ խոսքը թառափի մասին է. դրանց ճարպը պատում է թռչունների թեւերը, ինչի հետեւանքով արագիլները կորցնում են թռչելու ունակությունը, փետուրները կորցնում են ջերմակարգավորման կարողությունը։ Ձկնատնտեսության դեմ վարչական գործ հարուցվեց»,- ասում է Կարեն Աղաբաբյանը։

Հաջորդ տարի պարզվեց, որ խնդիրը շարունակվում է։ Թռչունների աղտոտման մյուս հայտնաբերված մեղավորը Մասիսի աղբավայրն է, որը պատշաճ կերպով չէր ուտիլիզացրել ձկնատնտեսությունների թափոնները։ Աղբավայրի դեմ նույնպես վարչական գործ հարուցվեց։

«2021թ. մենք հասկացանք, որ խնդիրը շատ ավելի լայն է։ Դրան հանցակից են ոչ միայն ձկնատնտեսությունները, այլեւ տարբեր փոքր ձեռնարկություններ, որոնք զբաղվում են պահածոների, չիփսերի արտադրությամբ, այսինքն՝ դրանք այն ձեռնարկություններն են, որոնց թափոններում բուսայուղ կա։ Նրանք թափոնները թափում են ինչ-որ տեղ Արարատյան դաշտավայրում, արագիլները գալիս են, հավաքում դրանք քարճիկում, վերադառնում են բույն, որպեսզի կերակրեն ճուտիկներին, այդ ամբողջ զանգվածը թափում են նրանց վրա, ինչից նրանց փետուրները ծածկվում են յուղով։ Դրա հետեւանքով դեռեւս բնում գտնվող թռչնակները պատվում են յուղով։ Դա հանգեցնում է այն բանին, որ երբ գալիս է բնից հեռանալու ժամանակը, նրանք չեն կարողանում թռչել, անհաջող վայրէջք են կատարում, կոտրում թեւերը, ոտքերը։

Երբ մենք հասկացանք խնդրի ծավալը, նոր պլան մշակեցինք, որոշեցինք հաշվառել նման բոլոր ձեռնարկությունները եւ սկսել աշխատել նրանց հետ, առաջին հերթին՝ նրանցից թափոնների մասին հաշվետվություն պահանջել։ Անցած տարի բնապահպան տեսչությունը պարզել է նման 300 ձեռնարկություն։ Մոտ կեսն արդեն ստուգվել է, աշխատանքը շարունակվում է, եւ ես հույս ունեմ, որ այս տարի այն կավարտվի։ Բացի այն, որ ձեռնարկություններից պահանջվում է թափոնների մասին հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկություններ թափոնների քանակի մասին, այն պետք է նաեւ ստուգելի լինի, այսինքն՝ ցույց տրվի, թե կոնկրետ ինչ են արել նրանք, թաղե՞լ են թափոնները, պայմանագիր կնքե՞լ են աղբավայրի հետ ուտիլիզացիայի մասին եւ այլն. բացի ստուգումից՝ այն կհամեմատվի նաեւ ձեռնարկության ընդհանուր արտադրական ծավալների հետ, որպեսզի պարզվի համապատասխանությունը թափոնների եւ արտադրության ծավալների միջեւ։

Սրան զուգահեռ՝ մենք մշակում ենք հրահանգ ձեռնարկությունների համար, որը նշում է, թե ինչ պետք է անեն նրանք այդ թափոնները, ինչ կարող են անել, որովհետեւ այդ թափոնները հումք են հումուսի արտադրության համար, ինչ իրավունք չունեն անել նրանք, ինչ հետեւանքներ են սպասվում խախտումների համար։ Նախաձեռնությունը ղեկավարում ենք մենք՝ BirdLinks Armenia հասարակական կազմակերպությունը, գործում ենք Էնդեմիկ եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների պահպանության հիմնադրամի հետ միասին, որը գլխավորում է Մանուկ Մանուկյանը, սերտորեն համագործակցում ենք բնապահպան տեսչության եւ շրջակա միջավայրի նախարարության հետ, որն էլ համակարգում է հարցը։ Հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում»,- ընդգծում է հասարակական կազմակերպության ղեկավարը։

Աղտոտված թռչունների թիվը տարբեր տարիների տարբեր է եղել։ Օրինակ՝ առաջին տարում փրկվել է 22 թռչուն, 2020թ.՝ ընդամենը 2-ը, որովհետեւ նրանց մեծ մասը կարողացել է թռչել։ Անցած տարի թռչել չկարողացող թռչունների թիվը կտրուկ մեծացել է, հաջողվել է փրկել 20-30 թռչուն։ Այս տարի արդեն 24 թռչուն մաքրվել է, նրանցից 14-ը բաց է թողնվել բնության մեջ, պրոցեսը շարունակվում է։ Գյուղացիներից ահազանգեր ստացվում են ամեն օր։ Այս առնչությամբ Կարեն Աղաբաբյանն ընդգծում է տեղի բնակիչների հսկայական դերը, որոնք թռչուններին ժամանակավորապես պահում են իրենց մոտ, կերակրում են, մինչեւ որ բնապահպանները գան եւ վերցնեն նրանց։

Ի՞նչ պետք է անեն գյուղացիները, եթե նկատում են աղտոտված կամ վիրավոր թռչուն։ «Առաջին հերթին պետք է զանգահարել 911։ Ծառայությունը համագործակցում է մեզ հետ, անհրաժեշտ բոլոր հեռախոսահամարները կտրամադրվեն քաղաքացիներին։ Եթե կա հնարավորություն, պետք է արագիլին մտցնել բակ կամ այգի, անպայման ջրով լի դույլ կամ թաս դնել, եթե հնարավորություն կա՝ նաեւ կերակրել։ Շատ լավ է սառեցված թռչնամիսը, այն հասանելի է գնի առումով եւ հարմար է կերակրման համար։ Ինքնուրույն պետք չէ փորձել լվանալ նրանց»,- խորհուրդ է տալիս Կարեն Աղաբաբյանը։

Արագիլներին լողացնելու հայ բնապահպանների փորձը գերազանցել է արեւմտյան գործընկերների բոլոր արդյունքները։ «Ինչ-որ բանով աղտոտված թռչուններին փրկելու գործը Եվրոպայում եւ Ամերիկայում վկայում է այն մասին, որ թռչունների մոտ 60-70 տոկոսը մահանում է պրոցեսի ժամանակ, հիմնականում սթրեսի պատճառով։ Մեզ մոտ այս ամբողջ ընթացքում մահացել է երկու թռչուն, այն էլ՝ առաջին տարում, երբ մենք, այսպես ասած, դեռ փորձ էինք հավաքում։ Ընդ որում՝ թռչունները մահանում էին, որովհետեւ խիստ հյուծված էին եւ ըստ երեւույթին սթրեսին չէին դիմանում։ Հիմա մենք ամեն բան այլ կերպ ենք անում։ Մենք թռչնին պահում ենք մոտ մեկ շաբաթ, կերակրում ենք, որպեսզի քաշ հավաքի եւ ավելի հեշտ հաղթահարի սթրեսը։ Մի բան է, երբ արագիլը քիչ թե շատ վարժվել է մարդու ներկայությանը, միանգամայն այլ բան, երբ նրան բռնում են, մտցնում վաննան, ու նա չի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պարզաբանում է Կարեն Աղաբաբյանը։

Ինչպես եւ պետք էր սպասել, աղտոտման դեպքեր գրանցվել են ոչ միայն արագիլների շրջանում. «Մենք նկատել ենք այլ տեսակների աղտոտման եզակի դեպքեր։ Եղել է փոքր ջրցուլ, սպիտակ ձկնկուլ։ Բայց դրանք եզակի դեպքեր են»։

«Լոգանքից» հետո ուշքի եկած, յուղից հիմնավորապես մաքրված եւ գրեթե չորացած արագիլները գոհունակությամբ  նախաճաշում են։