Հավանական է, որ մոտ ապագայում 2015 թվականի միջուկային գործարքի վերակենդանացման բանակցությունների նոր փուլ կկայանա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Թեհրանը բանակցությունները տրամաբանական եւ ռացիոնալ է համարում՝ համապարփակ եւ կայուն համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի Իսլամական Հանրապետության տնտեսական շահերը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) համաձայն։

Նա հայտնել է, որ Իրանը ստացել է 2015-ի միջուկային համաձայնագիրը վերսկսելու վերաբերյալ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կողմից բանակցությունների նախորդ փուլերի հիման վրա ներկայացված առաջարկը:

Իրանը ողջունում եւ դրականորեն է արձագանքում ցանկացած նախաձեռնության, որը նպաստում է համաձայնության կնքմանը, ասել է Քանաանին։ «Վերջին շաբաթների ընթացքում հաղորդագրությունների փոխանակումից եւ առաջարկվող տեքստերի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններից հետո, հավանական է, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հասնել բանակցությունների ժամկետը նշանակելու արդյունքին եւ գուցե բանակցությունների նոր փուլի ականատես դառնանք»,- հավելել է Իրանի ներկայացուցիչը։