Կանայք անհրաժեշտության դեպքում տղամարդկանցից ավելի արագ են արձագանքում վտանգին եւ ավտոմեքենան վերահսկողության տակ առնում ինքնակառավարվող մեքենա վարելիս, գրում է Independent-ը։

Նման եզրակացություններին են հանգել Նյուքասլի համալսարանի գիտնականները՝ սիմուլյատորը ղեկավարած 33 կնոջ եւ 43 տղամարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:

«Կանայք հաճախ չեն գիտակցում, թե որքան լավ են վարում: Մեր արդյունքները ցույց են տվել, որ նրանք այս հարցում մի փոքր ավելի լավն են, քան տղամարդիկ։ Նրանց արձագանքներն ավելի արագ են, իսկ ղեկի կառավարումն ավելի կայուն է»,- ասել է խելացի տրանսպորտային համակարգերի փորձագետ Շուո Լին:

Կանայք մեքենայի կառավարումը վերականգնել են միջինը 2.45 վայրկյանում, իսկ տղամարդիկ՝ 2.63 վայրկյանում։

Կանանցից ճանապարհին կայանված ավտոմեքենան նկատելու եւ գիծը փոխելու համար պահանջվել է 13.52 վայրկյան, իսկ տղամարդկանցից՝ 13.76 վայրկյան։

Հետազոտության արդյունքները կօգնեն ադապտացնել ավտոմեքենաները ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց հարմարությանը։