Օգոստոսի 10-11-ին Սյունիքի մարզում տեղի կունենա հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն։ Այս մասին Երեւանում օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնը տեղի կունենա «Օգնություն տուրիզմի զարգացման ոլորտին» ծրագրի շրջանակում։ Աջակցություն կցուցաբերվի նաեւ Տուրիզմի կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի, ինչպես նաեւ Սիսիանի համայնքի կողմից։ Ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանում Իրանի դեսպանությունը եւ իսլամական հանրապետության այլ պատասխանատու գերատեսչություններ։

Ապրեսյանի խոսքով՝ փառատոնն ուղղված է լինելու երկու երկրների դիրքերի ամրապնդմանը նոր հետքովիդային իրողություններում։ «Մենք պետք է նոր դիրքեր զբաղեցնենք, պետք է ընդլայնվենք։ Մենք պետք է մասնակցենք այդ գործընթացներին ավելի մրցունակ դիրքերից»,- ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարը։ Նա նշել է, որ շատ երկրներ, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո, փորձելու են ամրապնդվել տուրիզմի շուկայում։ «Նրանք փորձելու են իրենց կողմը քաշել նոր վերափոխված շուկան»,- համոզված է ֆեդերացիայի ղեկավարը։

Իսկ ինչ վերաբերում է փառատոնի մանրամասներին, ապա, ինչպես պարզաբանել է Մեխակ Ապրեսյանը, դրա անցկացման համար մոտ 140 ստենդ կտեղադրվի։ Ընդ որում՝ դրանցից 30-ը կտրամադրի իրանական կողմը։ Միջոցառմանը կներկայացվեն հայկական եւ իրանական խոհանոցի կերակրատեսակները։ Մասնակիցները նաեւ կկարողանան նշել հեթանոսական Նոր տարին՝ Նավասարդը, որը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ, մասամբ, հարեւան Իրանում։

Փառատոնի նպատակը նաեւ տոնական միջոցառումները մայրաքաղաքից մարզեր տեղափոխելն է։ Նախաձեռնողների կարծիքով՝ դա կօգնի երկրի բնակիչներին ու նրա հյուրերին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու բնությանը։