ՆԱՏՕ-ն մտահոգված է Արցախում իրավիճակի սրմամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Հաղորդագրություններն իսկապես մտահոգիչ են։ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով ներկայիս ջանքերին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը եւ զարգացմանը»,-գրել է նա։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել  են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է, որ վերջինս մահացել է։