Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։

Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր եւ մեկ որդի։

«Ավագ դուստրը մոտ 23 տարեկան էր, որքան գիտեմ՝ ուսանող է։ Երկու երեխաներն անչափահաս են, դպրոց են հաճախում։ Ինքն ապրում էր կնոջ, երեխաների եւ մոր հետ։ Շատ հանգիստ ու լավ ընտանիք են։ Ատոմը հիմնականում հողագործությամբ էր զբաղվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ատոմ Հարությունյանի համագյուղացին։ 

Համագյուղացու փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացնելու նպատակով Ատոմ Հարությունյանին ուղեւորել էին Վարդենիս։

«Ես գիտեմ, որ ինքն առողջական խնդիրներ չի ունեցել, բայց չգիտեմ՝ նախքան զորավարժությունների մեկնելը բժշկական հետազոտություններ անցել է, թե՝ ոչ»,- ասաց համագյուղացին։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։