ՌԴ ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիի բանակցություններում կքննարկեն ԲՐԻԿՍ-ի թեման, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, իսկապես, չի կարելի բացառել, [որ նախագահները կքննարկեն այս թեման], բայց ինչ-որ հատուկ պլաններ այս հաշվով այսօր չկան»,- ասել է Պեսկովը։

Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք կքննարկվի Մոնթրյոյի կոնվենցիան, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «այստեղ քննարկելու բան չկա»։ «Մոնթրյոյի կոնվենցիան անկյունաքարն է, շատ կարեւոր տարր համալիր պայմանագրաիրավական բազայում սեւծովյան բոլոր երկրների եւ այդ թվում նաեւ Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների համար։ Այստեղ քննարկելու բան չկա, կոնվենցիան գործում է, եւ այն շատ ու շատ կարեւոր է»,- ասել է Պեսկովը։

Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, այդ թվում Անկարայի սահմանամերձ գործողությունն այդ երկրի հյուսիսում, տեղեկացրել է Պեսկովը։ «Սիրիան, անշուշտ, այսօր կքննարկվի։ Թուրքիան օրինական մտահոգություններ ունի ինչ-որ գործողությունների հետ կապված, որոնք մենք, իհարկե, հաշվի ենք առնում։ Բայց շատ կարեւոր է թույլ չտալ ինչ-որ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի ապակայունացման կամ [այն բանին], ինչը կարող է սպառնալիք լինել Սիրիայի տարածքային եւ քաղաքական ամբողջականության համար»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ռուսաստանին անհանգստացնում է հնարավոր գործողությունը Սիրիայի հյուսիսում, եւ արդյոք դա կքննարկվի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։