Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել առաջիկա ամիսներին գազի պահանջարկը 15 տոկոսով նվազեցնելու ծրագրին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով ԵՄ խորհրդի զեկույցին։

«Խորհուրդն ընդունել է կանոնակարգ՝ այս ձմռանը գազի պահանջարկը 15 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները կիսով չափ կրճատել են բնական գազի գնումները Ռուսաստանից`ուկրաինական հակամարտության սկզբից։

Նա ընդգծել է, որ չի կարելի եվրոպական տնտեսությունից պահանջել մի գիշերվա ընթացքում դադարեցնել գազի գնումները։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, Բրյուսելը լրջորեն մտածել է ռուսական գազի համար պատժիչ տուրքեր սահմանելու մասին, սակայն այս առաջարկը մերժվել է։ Միաժամանակ, ինչպես նշել է դիվանագետը, ԵՄ-ն որոշել է դադարեցնել ռուսական նավթի գնումը 2022 թվականի վերջից, եւ այս պահին միության անդամ պետությունները գտնվում են Ռուսաստանից գազի գնումների դադարեցման գործընթացում։

Բացի ռուսական էներգառեսուրսների գնումների դադարեցումից, Բորելը նաեւ նշել է աշխարհի մնացած մասի հետ Ռուսաստանի տնտեսության կապերը խզելուն ուղղված ջանքերի կարեւորությունը։