Արագածավան համայնքի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառը հաճախակի տեղի ունեցող քամիներն ու կարկուտն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Արտենի գյուղում բողոքի հիմնական պատճառն այն է եղել, որ մարդիկ չեն իմացել, թե որն է հոսանքազրկման պատճառը:

«Բողոքողները հիմնականում պարենային խանութ ունեցողներն են: Այժմ գյուղերում իրազեկման աշխատանքներ են կատարվում: Խնդիրը ծագելու պահից համապատասխան աշխատանքներ են տարվում դրան լուծում տալու համար: Համայնքապետի փոխանցմամբ՝ մինչեւ այսօր երեկո խնդիրը կլուծվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, Արգինա, ինչպես նաեւ Թուրքիայի հետ պետական սահմանի մի քանի ուղեկալներ հոսանքազրկված են:

Հոսանքազրկումը հարուցել էր Արտենիի բնակիչների բողոքը: Գյուղացիները հավաքվել  էին գյուղի կենտրոնական փողոցում՝ պարզելու, թե ինչ են մտածում ՀՀ կառավարությունում ու Արագածոտնի մարզպետարանում, որպեսզի պարտավորեցնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կարճ ժամանակում լուծել խնդիրը։