Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի առկայությունն ընդունող նոր թեստը դրական է եղել. ԱՄՆ-ի առաջնորդը կշարունակի պահպանել ինքնամեկուսացման խիստ կանոնները։ Այս մասին ասվում է ԱՄՆ վարչակազմի ղեկավարին բուժող բժիշկ Քեւին Օ'Քոնորի տարածած հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նրա տրամադրած տեղեկությունների համաձայն՝ նախագահը շարունակում է իրեն շատ լավ զգալ։

«Հազը գրեթե ամբողջությամբ անցել է։ Ջերմաստիճանը, զարկերակը, արյան ճնշումը, շնչառության հաճախությունը եւ հագեցվածության մակարդակը մնում են նորմայի սահմաններում։ Թոքերը մաքուր են»,- վստահեցրել է Օ'Քոնորը եւ հավելել, որ, այնուամենայնիվ, առավոտյան SARS-CoV-2 վիրուսի թեստը դրական է ցույց տվել:

«Նախագահը կշարունակի իրականացնել ինքնամեկուսացման կոշտ միջոցառումները, որոնք նախապես հայտարարվել էին»,- ասվում է փաստաթղթում։

Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է Ջո Բայդենի՝ կնոջ Ջիլի հետ միասին երկուշաբթի օրը Կենտուկի մեկնելու մտադրության մասին: