Պակիստանի կենդանաբանական այգին մեկ տասնյակ առյուծներ աճուրդի կհանի մասնավոր կոլեկցիոներների համար՝ մյուս առյուծների համար տեղ ազատելու նպատակով, հաղորդում է AFP-ն:

Լահորի կենդանաբանական այգում այնքան շատ մեծ կատուներ կան, որ առյուծներն ու վագրերը ստիպված են «հերթ կանգնել» անասնանոցներին հասնելու համար, ասել է կենդանաբանական այգու փոխտնօրեն Թանվեր Ահմեդ Ջանջուան։

Կենդանաբանական այգում այժմ 29 առյուծ է ապրում, եւ պաշտոնյաները նախատեսում են օգոստոսի 11-ին աճուրդ կազմակերպել՝ նրանցից 12-ին վաճառելու համար։

Բնապահպանները դեմ են վաճառքին, իսկ WWF բնապահպանական խումբն ասում է, որ գիշատիչները պետք է տեղափոխվեն այլ կենդանաբանական այգիներ կամ ստերջացվեն:

Առյուծներ, վագրեր եւ այլ էկզոտիկ վայրի կենդանիներ որպես ընտանի կենդանիներ պահելը հազվադեպ չէ Պակիստանում եւ կարգավիճակի խորհրդանիշ է համարվում: Հարուստ տերերը սոցցանցերում տեղադրում են իրենց մեծ կատուների լուսանկարներն ու տեսահոլովակները եւ վարձով են տալիս կենդանիներին՝ որպես ֆիլմերի եւ ֆոտոսեսիաների համար նախատեսված ռեկվիզիտներ։

Կենդանաբանական այգու պաշտոնյաները 150.000 պակիստանյան ռուփի (700 դոլար) են սահմանել մեկ առյուծի համար, սակայն նրանք հույս ունեն, որ յուրաքանչյուր մեծ կատու մոտ երկու միլիոն ռուփի կբերի։

Սակայն աճուրդին ոչ բոլորը կարող են մասնակցել։ Ջանջուան նշել է, որ գնորդները պետք է գրանցվեն նահանգային մարմիններում եւ ցույց տան, որ միջոցներ ունեն արարածների համար պատշաճ խնամք ապահովելու համար: