Ֆրանսիացի գիտնականը ներողություն է խնդրել Twitter-ում չորիզոն որպես Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակով արված հեռավոր աստղի լուսանկար ներկայացնելու համար:

Հայտնի ֆիզիկոս եւ Այլընտրանքային էներգիայի եւ ատոմային էներգիայի ֆրանսիական հանձնաժողովի տնօրեն Էթյեն Քլյայնն անցյալ շաբաթ Twitter-ում կիսվել էր կծու իսպանական նրբերշիկի պատկերով՝ գովաբանելով դրա «դետալիզացման մակարդակը»: «Պրոքսիմա Կենտավրոսի՝ Արեգակին ամենամոտ աստղի լուսանկարը, որը գտնվում է մեզանից 4.2 լուսային տարի հեռավորության վրա: Այն արվել է Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակով։ Դետալիզացման այսպիսի մակարդակը… Ամեն օր նոր աշխարհ է բացվում»,- ասել է նա, փոխանցում է CNN-ը:

Գրառումը վերաթվիթվել եւ մեկնաբանվել էր հազարավոր օգտատերերի կողմից, ովքեր հավատացել էին գիտնականին։

Ավելի ուշ Քլյայնը խոստովանել էր, որ պատկերն իրականում սեւ ֆոնի վրա արված չորիզոյի կտոր է։

Բախվելով առցանց համայնքի անդամների՝ կատակի հետ կապված հակազդեցությանը, նա գրել է. «Հաշվի առնելով որոշ մեկնաբանություններ՝ անրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ Պրոքսիմա Կենտավրիի ենթադրյալ պատկերը ցուցադրող այս թվիթը կատակ էր: Եկեք սովորենք զգուշությամբ վերաբերվել հեղինակության դիրքերից բերված փաստարկներին»:

Քլյայնը ներողություն է խնդրել ստի համար՝ նշելով, որ իր մտադրությունն էր «զգուշության կոչ անել այն պատկերների վերաբերյալ, որոնք, կարծես, խոսում են իրենց փոխարեն»: Փորձելով հարթել իր մեղքը՝ նա հրապարակել է Սայլի անիվ կոչվող գալակտիկայի տպավորիչ պատկերը՝ վստահեցնելով հետեւորդներին, որ այս անգամ լուսանկարն իրական է: