ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ Ռուսաստանի իրավունքներն անվիճելի են, դրանք վերանայելու փորձերն իրավական հիմք չունեն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի կողմից հնչեցված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը «նախկին ԽՍՀՄ օտարերկրյա ունեցվածքի մեկ երրորդը պետք է վերադարձնի Ուկրաինային»։

«Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի հայտարարությունը պոպուլիստական ​​է եւ չունի որեւէ հիմք։ ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ մեր իրավունքներն անվիճելի են, դրանք վերանայելու փորձերն իրավական հիմք չունեն։

Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդ պետությունն է, այդ կարգավիճակը ճանաչված է միջազգային հանրության կողմից, ինչպես նաեւ հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Միջազգային իրավունքի տեսանկյունից 1991-ի աշխարհաքաղաքական վերափոխումները ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացմանը չհանգեցրին։ «ԽՍՀՄ» անվամբ պետությունը չի դադարեցրել, այլ շարունակել է իր միջազգային իրավասուբյեկտությունը «Ռուսաստանի Դաշնություն» անվան տակ։ Միջազգային իրավունքում այս տեսակի երեւույթները նշելու համար օգտագործվում է «շարունակություն» հասկացությունը։ Այդպես, Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ իրավահաջորդն է։ Ռուսաստանը, որպես իրավահաջորդ, ստանձնել է ԽՍՀՄ արտաքին պետական ​​պարտքը վճարելու պարտավորություններ։ Այդ կարգավիճակի հիման վրա Ռուսաստանն իրականացնում է ԽՍՀՄ օտարերկրյա սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը։ Տարօրինակ է, որ ուկրաինացի դիվանագետները, փորձելով ինչ-որ սեփականության իրավունքի հավակնել, չեն հիշում ԽՍՀՄ-ի գոյություն ունեցող պարտքը, որը Ռուսաստանը վճարել է առանց Ուկրաինայի եւ խորհրդային այլ հանրապետությունների օգնության։ Մենք այս հարցը վերջնականապես կարգավորված ենք համարում, խորհրդային օտարերկրյա անշարժ գույքի՝ Ռուսաստանի Դաշնության վրա վերագրանցման արդյունքները վերանայման ենթակա չեն։