Ազգային ժողովի դիմաց ավանակով ակցիա անելուց հետո իշխանությունն իմ նկատմամբ ճնշումներ սկսեց գործադրել, իսկ «Դիմադրություն» շարժմանը մասնակցելու հետո՝ ուժեղացրեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սեւադա Ղուկասյանը։

«Ես չէի պատկերացնի, որ իշխանության համար այնքան կարեւոր անձ եմ, որ ինձ ուզում են չեզոքացնել։ Իմ նկատմամբ ոչ միայն իրավական ճնշումներ են գործադրում, այլ նաեւ փորձում են ազդել ապրուստիս վրա։ Ես գյուղում ծաղկի խանութ ունեմ։ Իշխանական օղակներից որոշ մարդիկ իմ ծաղկի խանութի հարեւանությամբ այլ խանութներ են դրել եւ ծաղիկները վաճառում են ինքնարժեքից անհամեմատ ցածր արժեքով։ Համ իմ բիզնեսին են վնասում, համ էլ այնպես են անում, որ գյուղացիներս ինձնից հիասթափվեն, մտածեն՝ փաստորեն, էժան է եղել, Սեւադան մեզ թանկ է վաճառել»,- պատմեց Սեւադա Ղուկասյանը։

Սեւադայի խոսքով՝ իր կալանավորված ժամանակ անգամ ոստիկանությունը եկել էր իր տուն՝ հարցաքննության կանչելու։ Սակայն այս ամենն իրեն չի վախեցնում․ ինքը կրկին գործողությունների է պատրաստվում, սակայն այս պահին չի ցանկանում փակագծերը բացել։

«Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել։ Ինձ իշխանությունը չի ներել ավանակով ակցիայի համար, իսկ շարժմանը մասնակցելուց հետո էլ վերհիշել են դրանից հետո հարուցված գործը, ըստ որի իբրեւ թե ինձ մոտ թմրանյութ են հայտնաբերել ու երեք օր առաջ դատական նիստի էին հրավիրել։ Ուժային կառույցի մի շատ բարձրաստիճան պաշտոնյա էլ այդ գործով ինձ ասաց՝ դու Նիկոլին չես նեղացրել, Ալիեւին ես նեղացրել, դրա համար ես պատժվում, որովհետեւ ավանակի անունն Իլհամիկ էր»,- ասաց Ղուկասյանը։