Համատեղ համակարգող կենտրոնը օգոստոսի 7-ին՝ սննդամթերքով լի 4 նավերի թույլ է տվել լքել ուկրաինական նավահանգիստները, հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«Համատեղ համակարգող կենտրոնը 5 նավերի թույլ է տվել մուտք գործել ծովային հումանիտար միջանցք։ Չեռնոմորսկից եւ Օդեսայից նավարկում են 4 նավեր, որոնք կտեղափոխեն 161 084 տոննա պարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ մեկ այլ նավ՝ MV OSPREY S-ը, որը խարսխված է Ստամբուլի մոտ, Չեռնոմորսկ նավահանգիստ ժամանելու թույլտվություն է ստացել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ MV GLORY եւ MV RIVA WIND բեռնատար նավերը Թուրքիա կմատակարարեն ավելի քան 100 հազար տոննա եգիպտացորեն, MV STAR HELENA-ը կուղեւորվի Չինաստան՝ 45 հազար տոննա ալյուրով, իսկ MV MUSTAFA NECATI նավը՝ Իտալիա կառաքի 6000 տոննա արեւածաղկի ձեթ։ Բոլոր նավերը սահմանված կարգով ստուգում են անցնելու Թուրքիայում։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել՝ լուծելու համաշխարհային շուկաներ սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրը։ Պայմանագրերից մեկը կարգավորում է Կիեւի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը։ Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից ստեղծված համատեղ կենտրոնը, նախատեսված է հացահատիկ տեղափոխող նավերը ստուգելու համար՝ զենքի մաքսանենգությունն ու սադրանքները կանխելու նպատակով։