Մեքսիկայի ռազմաօդային ուժերի առաջին ինքնաթիռը՝ ռազմական եւ տեխնիկական անձնակազմով, ժամանել է Կուբա՝ օգնելու մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը, հայտնում է Cubadebate-ը։

Ավելի վաղ, մեքսիկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Pemex նավթագազային կորպորացիայի մասնագետների թիմը, նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի ցուցումով, կուղարկվի Կուբա։

Ինչպես հայտնում է պորտալը՝ վկայակոչելով բրիգադային գեներալ Խուան Բրավո Վելասկեսին, օդանավում եղել են Մեքսիկայի զինված ուժերի 60 անդամներ եւ Pemex-ի 16 տեխնիկական աշխատող։

Պորտալի տվյալներով՝ սպասվում է, որ Կուբա կժամանեն ռազմաօդային ուժերի ևս երեք ուղղաթիռներ Մեքսիկայից, ինչպես նաև ինքնաթիռ Վենեսուելայից։

Ուրբաթ երեկոյան Մատանզաս նահանգի նավահանգստում գտնվող Կուբայի նավթի պահեստում գտնվող տանկերից մեկում, որը մոտ 25 հազար խորանարդ մետր նավթ է պարունակել, կայծակի հարվածի հետեւանքով ուժգին հրդեհ է բռնկվել։ Չնայած հրշեջ ջոկատների անդադար աշխատանքին, կրակը տարածվել է դեպի հարեւան տանկ, եղել է պայթյունների շարան։ Ավելի քան 24 ժամ է փորձում են մարել հրդեհը։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետեւանքով անհայտ կորած է համարվում 17 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է 1, եւ վիրավորվել 121 մարդ, որոնցից 36-ը շարունակում են բուժում ստանալ. 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։